Քննչական կոմիտեում ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ

16:33 • 20.06.21

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում 2021թ. հունիսի 20-ին ընթացող ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը։

Նա տեղեկացրեց, որ նշված 15 դեպքերով նյութեր նախապատրաստելու առիթ են հանդիսացել ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ստացված հաղորդումները։

«Տասնհինգ դեպքերից 10-ը վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի կողմից քվեարկելուն, 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, մեկը՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրան հարակից տարածքում բռնություն գործադրելուն»,- ասաց նա։

Կամո Սահակյանը նշեց, որ նշված դեպքերից 3-ը եղել են Արմավիրի մարզում, 1 դեպք՝ Արարատի մարզում, 3 դեպք՝ Կոտայքի մարզում, 1՝ դեպք Շիրակի մարզում, 1 դեպք՝ Լոռու մարզում, 2 դեպք՝ Տավուշի մարզում, 2 դեպք՝ Գեղարքունիքի մարզում, 1-ական դեպք՝ Երևան քաղաքի Ավան, Նոր-Նորք և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում։

«Նշված 15 դեպքերից մեկով զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա հարող տարածքում բռնություն գործադրելու դեպքով հարուցվել է քրեական գործ, մնացած 14 դեպքերով նյութերի նախապատրաստումը շարունակվում է»,- ասաց նա։

Քննչական կոմիտեում ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ