Եվրոպական 7 երկիր իր օդային տարածքը և օդանավակայանները փակել է բելառուսական ավիաընկերությունների համար
Եվրոպական 7 պետություններ միացել են ԵՄ որոշմանն ու իրենց օդային տարածքը և օդանավակայաններ փակել բելառուսական ավիաընկերությունների համար, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Պիտեր Ստանոյին։
Հայտարարության մեջ ասվում է, որ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Ալբանիան, ինչպես նաև Եվրոպայի ազատ առևտրի գոտու այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, միանում են ԵՄ խորհրդի որոշմանը։
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:
Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ և թռչել Եվրամիության տարածքով:










