ՏԻՄ ընտրություններ Ֆրանսիայում. Մակրոնն ու Լը Պենը չեն կարողացել հասնել հաջողության

12:30 • 21.06.21

Ֆրանսիայում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի իշխանական կենտրոնամետ կուսակցությունը, և թե՛ Մարին Լը Պենի աջակողմյան ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցությունը բավարար ձայներ չեն հավաքել, հայտնում է BBC լրատվականը։

Հայտնի է, որ ընտրությունների մասնակիցների թիվն աննախադեպ ցածր է եղել․ ընտրություններին չի մասնակցել ժողովրդի 66 տոկոսը։ Մարին Լը Պենն ընտրություններին ցածր մասնակցությունը որակել է որպես «քաղաքացիական աղետ» և ընտրության արդյունքների համար մեղադրել կառավարությանը՝ քաղաքական ինստիտուտների նկատմամբ հավատ ներշնչելու անկարողության համար։

Նշենք, որ Ֆրանսիայի 12 շրջաններում ընթացել են ՏԻՄ ընտրություններ, ինչը հատկապես կարևոր էր, քանի որ հաջորդ նախագահական ընտրություններին մեկ տարուց էլ քիչ է մնացել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» (La République En Marche-LREM) կուսակցությունը, որն էքզիթ փոլի տվյալներով՝ հավաքում է ձայների 11 տոկոսը, առաջին անգամ է մասնակցում ՏԻՄ ընտրությունների։ Էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ պահպանողական Հանրապետականները՝ Les Républicains-ը հավաքում է ձայների 27, «Ազգային ճակատ»-ը՝ 19-ը, իսկ Կանաչների կուսակցությունն ու սոցիալիստները՝ Մակրոնի կուսակցության պես 11 տոկոսը։

Լրատվականը նշել է, որ տարածաշրջանային ընտրությունները հետաձգվել էին 3 ամսով, ինչը պայմանավորված էր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, իսկ ընտրությունների 2-րդ փուլը տեղի է ունենալու հունիսի 27-ին։

 

ՏԻՄ ընտրություններ Ֆրանսիայում. Մակրոնն ու Լը Պենը չեն կարողացել հասնել հաջողության