Delta Plus. Հնդկաստանում կորոնավիրուսի շտամի նոր տարատեսակ է հայտնաբերվել
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգը հայտնել է կորոնավիրուսի հիմնամանրէի նոր տեսակով վարակման 20 դեպքի մասին, որն ստացել է «դելտա պլյուս» (B.1.617.2.1, Delta Plus) անվանումը:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բժշկական կրթության և հետազոտությունների վարչության ղեկավարը տեղի հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրուսի հիմնամանրէի նոր տարատեսակով վարակման դեպքեր են գրանցվել Նավի Մումբայ, Պալգհար և Ռատնագիրի քաղաքներում:
Նոր հիմնամանրէով վարակման հինգ դեպք է արձանագրվել Ռատնագիրի նավահանգստային քաղաքում: Միևնույն ժամանակ վարակվածներից երկուսի մոտ հիվանդության ախտանշաններ չեն եղել:
B.1.617 անունն ստացած հիմնամանրէն Հնդկաստանում հայտնաբերվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, իսկ վերջերս այն տարածվել է նաև այլ երկրներում: Տեղի բժիշկների տվյալներով` այդ մուտացիան կարող էր դառնալ Հնդկաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածման պատճառներից մեկը:
Հնդկաստանը երկրորդն է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշով (ավելի քան 29,8 մլն դեպք): Մահացության ցուցանիշն ասիական երկրում կազմում է ավելի քան 386 հազար:










