Արդարություն, կոռուպցիայի, աղքատության դեմ պայքար. Իրանի նորընտիր նախագահը ժողովրդին խոստացել է փոփոխություններ ապահովել

16:45 • 21.06.21

Իրանի ժողովուրդը փոփոխություններ է պահանջում, պայքար կոռուպցիայի դեմ և բարեկեցության բարելավում, իսկ այդ պահանջը կիրագործվի նոր կառավարության կողմից: ՏԱՍՍ գործակալության փոխանցամբ` այս մասին երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին:

«Իրանի ժողովրդի ուղերձը փոփոխությունն է: Իրանի ժողովրդի ուղերձը կոռուպցիայի, աղքատության և խտրականության դեմ պայքարն է, ինչպես նաև արդարության հասնելը»,- ասել է Ռայիսին` հավելելով, որ նոր կառավորությունը պետք է լսի այդ ուղերձը:

Նրա խոսքով` կառավարության առաջնահերթությունները կլինեն գործարար իրավիճակի, մարդկանց կյանքի պայմանների բարելավումը, ինչպես նաև վարչական համակարգի բարեփոխումները, ավանդական բյուրոկրատիայի վերացում, որը խոչընդոտում է փոփոխություններին:

Ռայիսին հավելել է, որ Իրանի նոր կառավարությունը կաջակցի միջուկային գործարքին, եթե համաձայնագրի այլ մասնակիցներ ամբողջությամբ կատարեն իրենց պարտականութունները: Նա ընդգծել է, որ Իրանը կոչ է անում ԱՄՆ-ին վերադառնալ իր պարտականությունների իրականացմանը միջուկային հարցով  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում:

Իրանի ժամանակակից պատմության մեջ 13-րդ նախագայական ընտրություններն անցկացվել են հունիսի 18-ին: Ընտրություններին մասնակցության 48,8 տոկոս հայտի պարագայում Ռայիսին ստացել է 17,9 մլն ձայն (մոտ 62 տոկոս):  

 

Արդարություն, կոռուպցիայի, աղքատության դեմ պայքար. Իրանի նորընտիր նախագահը ժողովրդին խոստացել է փոփոխություններ ապահովել