ԱՀԿ-ն հայտարարել է Հրվ․ Աֆրիկայում COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրելու նպատակով կենտրոն բացելու մասին

11:19 • 22.06.21

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) հայտարարել է, որ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներից ընկերություններին COVID-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրելու հմտություններ և լիցենզիաներ տալու համար հանգույց կբացվի, ինչը երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան պատմական քայլ է անվանել, հայտնում է Al Jazeera լրատվականը։

«Տեխնոլոգիաների փոխանցման հանգույցը» կարող է աֆրիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռել առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ 9-ից 12 ամսվա ընթացքում պատվաստանյութ արտադրել։ Սա նպատակ ունի խթանել պատվաստանյութերի հասանելիութունն Աֆրիկյան մայրցամաքում, որտեղ անցյալ շաբաթվա ընթացքում գրեթե 40 տոկոսով աճել են կորոնավիրուսով վարակման և վիրուսի հետևանքով մահվան դեպքերը, նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահն ասել է, որ զարգացող երկրներում շատ մարդիկ «դեռ պայքարում են Հյուսիսում իրենց միլիարդներով արված պատվաստանյութերի հասանելիության համար», և հավելել, որ այս որոշումը պատմական քայլ է՝ մատնանշելով, որ պատվաստանյութերի անհավասար բաշխումն անարդար է՝ հարուստ երկրներում բնակվողներին բնութագրելով որպես «ավելի արժեքավոր կյանք ունեցողներ, քան ավելի աղքատ երկրներում ապրողների կյանքն է»:

Հայտնի է, որ ծրագրի իրականացման նպատակով Moderna և Pfizer/BioNTech ընկերությունները պետք է անհապաղ կիսեն իրենց տեխնոլոգիաները՝ նպաստելով Հարավային Աֆրիկայում և Աֆրիկյան մայրցամաքում առհասարակ պատվաստանյութերի հնարավորինս արագ արտադրությանը։

ԱՀԿ-ն հայտարարել է Հրվ․ Աֆրիկայում COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրելու նպատակով կենտրոն բացելու մասին