«Ընտրե՛ք` կա՛մ պատվաստվում եք, կա՛մ ձերբակալել եմ տալիս ձեզ». Ֆիլիպինների նախագահը սպառնացել է պատվաստվելուց հրաժարվող քաղաքացիներին  

13:01 • 22.06.21

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է բանտարկել մարդկանց, որոնք հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է CNN-ը` նշելով, որ իր երկիրն Ասիայում «Քովիդ-19»-ից ամենաշատ տուժած երկրներից մեկն է, որտեղ մահացության ցուցանիշը գերազանցել է 23 000-ը, իսկ վարակվածության ցուցանիշը` 1,3 մլն-ը:

«Ընտրե՛ք` կա՛մ պատվաստվում եք, կա՛մ ձերբակալել եմ տալիս ձեզ»,- ասել է Դուտերտեն հեռուստատեսային ուղերձի ժամանակ` անդրադառնալով մայրաքաղաք Մանիլայի որոշ շրջաններում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցածր մակարդակին:

Դուտերտեի հայտարարությունը հակադրվում է երկրի առողջապահության ոլորտի պաշտոնյաների մեկնաբանություններին, որոնք թեև կոչ են անում մարդկանց պատվաստվել, սակայն նշում են, որ դա կամավոր է:

«Ինձ սխալ մի՛ հասկացեք, այս երկրում ճգնաժամ է տիրում: Ես ուղղակի վրդովված եմ այն ֆիլիպինցիներով, որոնք չեն լսում կառավարությանը»,- հավելել է Դուտերտեն:

Հունիսի 20-ի դրությամբ Ֆիլիպիններում ամբողջովին պատվաստվել է 2,1 մլն մարդ, մինչդեռ կառավարության նշաձողն է 110 մլն բնակչությունից այս տարի պատվաստել 70 մլն-ին:  

«Ընտրե՛ք` կա՛մ պատվաստվում եք, կա՛մ ձերբակալել եմ տալիս ձեզ». Ֆիլիպինների նախագահը սպառնացել է պատվաստվելուց հրաժարվող քաղաքացիներին