Սահմանադրական դատարանի այս կազմի կողմից ես չեմ բացառում որևէ անակնկալ. Ռոմանոս Պետրոսյանը՝ ընդդիմադիրների`ՍԴ դիմելու մասին (տեսանյութ)
Ինքս իմ քաղաքական, կուսակցական մանդատով բնականաբար քաղաքական գործընթացներում ունեմ որոշակի դերակատարում, մասնավորապես` Կոտայքի մարզում, բայց որևէ կերպ ազդեցություն չեմ ունենում համայնքապետերի հրաժարականների վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Նման բան չկա, ես հերքում եմ այդ ինֆորմացիանç ես գործում եմ բացառապես իմ լիազորությունների, իրավասությունների շրջանակներում, որպես Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար՝ իմ քաղաքական գործունեությունը խարսխված է Կոտայքի մարզում իր ենթադրյալ բաղադրիչներով»,- նշեց նա:
Նա անդրադարձավ նաև այն համայնքապետերին, ովքեր նախընտրական քարոզարշավի ընթացքում սատարում էին ընդդիմադիր քաղաքական ուժերի:
«3 տարի շարունակ այդ համայնքապետերի հետ միասին սուբվենցիոն ծրագրեր ենք ներմուծել, տների ժապավեններ կտրել, իսկ այդ պարագայում կազուս է առաջանում, երբ 3 տարի մենք արդյունավետ աշխատել ենք համայնքապետերի հետ, բայց հիմա նրանք հայտնվում են ընդդիմադիր քաղաքական գործչի ցուցակում, ով քննադատում է մեր 3 տարվա գործունեությունը»,- ասաց Պետրոսյանը:
Շրջակա միջավայրի նախարարը խոսեց արտահերթ ընտրությունների արդյունքների և «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից ՍԴ դիմելու մասին:
«Սահմանադրական դատարանի այս կազմի կողմից ես չեմ բացառում որևէ անակնկալ: Ես համոզված եմ և վստահեցնում եմ ձեզ, որ չեն կարող Սահմանադրական դատարան ներկայացնել գեթ մեկ փաստարկ, որը իրավական պետության նորմերով ՍԴ-ի գործիքակազմերով կարող է այնպիսի որոշման կայացնել, որ էական ազդեցություն թողնի ընտրությունների վավերականացման վրա»,- նշեց շրջակա միջավայրի նախարարը:










