Հեռու ենք խաղաղության մասին երկխոսելուց այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է իր բանակը հզորացնել․ Բագրատ Էստուկյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին
Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության մեծ համաձայնագրի» մասին խոսելու ժամանակ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ազատված չեն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիները։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց՝ մենք խաղաղության շուրջ բանակցությունների դեռ պատրաստ չենք։
«Երբ նախապայմաններն ապահովվեն դրա համար, այն ժամանակ կխոսենք։ Թող մեր բոլոր ռազմագերիներին վերադարձնեն, հայկական կողմն էլ ականապատված տարածքների քարտեզները կտրամադրի, թող բոլոր մարդասիրական հարցերը լուծվեն, նախապայմաններն ստեղծվեն, նոր կարելի կլինի խոսել խաղաղության մասին»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի պատրաստվում ԼՂ շուրջ նոր բանակցություն վարել․ ակնկալում է խաղաղության պայմանագիր։
Նա ընդգծել է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պաշտոնական Բաքուն Երևանից դրական պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։
Բագրատ Էստուկյանի խոսքով՝ անշուշտ, պետք է խաղաղություն հաստատվի երկրեր միջև, բայց Ադրբեջանի, Թուրքիայի ներկայիս կեցվածքով, վերջինիս Ադրբեջանին անվարան աջակցությամբ, անհնարին է հասնել խաղաղության։
«Նաև Թուրքիան պետք է Հայաստանի հետ առանձին հարաբերություններ հաստատի, դիվանագիտական հարաբերություններ հաստատի, սահմանները բացի, շրջափակումը վերացնի։ Հայաստանն էլ իր կողմից պետք է վերանայի թուրքական ապրանքների ներմուծման արգելքի վերաբերյալ որոշումը։ Պետք է որոշակի հող նախապատրաստել խաղաղության համար։ Այս պահին դրան հասնել հնարավոր չէ»,- ասաց նա։
Նրա՝ դիտարկմամբ՝ հեռու ենք խաղաղության մասին երկխոսելուց այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը շարունակում է իր բանակը հզորացնել։ «Դրա համար քայլեր են պետք նախ։ Սահմաններին պետք է անդորր պահել, իսկ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք, այսինքն՝ հակառակն է արվում»,- ասաց նա։
Բագրատ Էստուկյանի խոսքով՝ ինքը խաղաղության կողմնակիցն է, բայց այն միակողմանի դիքորոշում չի կարող լինել, պետք է երկու կողմերն էլ դա ցանկանան և դրան հավաստող գործողություններն արվեն։
«Երբ մի կողմից խաղաղության մասին ենք խոսում, մյուս կողմից՝ զինվում, խաբկանք է լինում։ Ես շատ ուրախ կլինեմ, որ կովկասյան ժողովուրդները խաղաղ ապրեն, տարակարծությունները երկխոսությամբ լուծվեն, ո՛չ հայ, ո՛չ ադրբեջանցի, ո՛չ վրացի, ո՛չ էլ թուրք երիտասարդները զոհ չլինեն»,- ասաց նա։
Պոլսահայ խմբագիրը նշեց՝ Հայաստանն այս պահին չի կարող խոսել խաղաղության մասին, նա հարձակման ենթարկված է։ Բայց միևնույն ժամանակ նկատեց, որ այդ հարձակման մեջ Հայաստանն էլ իր բաժինն ունի, քանի որ դրա համար պայմաններ է ստեղծել։
«Սրանից 30 տարի առաջ շատ ուրախացանք, երբ 7 շրջաները գրավեցինք։ Դա հիմարություն էր, որ հետո իր դրոշմը դրեց մեր քաղաքականության վրա։ Առիթ չտվեցինք, որ այդ 7 շրջանները բանակցությունների միջոցով վերադարձնեինք Ադրբեջանին, դրանք ազատագրված տարածքներ չէին, դրանք մենք գրավել էին։ Մենք ազատագրել էինք Արցախ և դրա մեջ Շուշին։ Եթե դրանով բավարարվեինք և մնացածի նկատմամբ բարյացակամ լինեինք, երևի թե խնդիրն այստեղ չհասներ,- ասաց նա՝ նշելով, որ մեր տկար ուժերը հաշվի չառնելով՝ ծավալապաշտական քաղաքականություն վարեցինք,- մենք սխալ մատավարություն որդեգրեցինք, խաղաղության կողմ չեղանք։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց այդ յոթ տարածքները վերադարձնելու մասին, նրան հողատու որակեցին և դավաճանության մեջ մեղադրեցին։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ էլ, ցավոք, խնդիրը չլուծվեց։ Եթե նա համարձակություն ունենար այդ հարցը օրակարգ բերելու, փոխարեն ասելու՝ «Արցախը Հայաստան է ու վերջ», այսպես չէր լինի։ Լավ կլիներ, որ նա, օգտագործելով իր ժողովրդականությունը, խոսեր որոշ իրավունքներ Ադրբեջանին զիջելու մասին»։
Անդրադառնալով նրան, թե արդյոք ՀՀ -ը ինչ-որ դասեր իրավճակից քաղել է և պատկերացում ունի՝ ինչպես վարվել, Բագրաստ Էստուկյանը նշեց, որ ինքը որոշ հիասթափություն է ապրել՝ նկատելով, որ Խորհրդային Միության փլուզումից և անկախանալուց հետո Հայաստանը համաշխարհային քաղաքականության մասին պատկերացում կազմող կադրեր այդպես էլ չունեցավ։
«Տեսա, որ աշխարհի քաղաքականությունը կարդացող կադրերից զուրկ է Հայաստանը։ Գուցե կան այդ մարդիկ, բայց նրանք կառավարություններում տեղ չունեն, նրանց ձայնը լսելի չէ։ Այսօր էլ, դժբախտաբար, այդ խնդիրն արդիական է»,- ասաց նա։










