Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի համբույրը սիրուհու հետ սկանդալի է վերածվել. ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը

13:41 • 26.06.21

Բրիտանական լրատվամիջոցները հրապարակել են Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկի մասնակցությամբ տեսանյութ, որում նա համբուրվում է սիրուհու հետ, գրում է BBC-ն` մանրամասնելով, որ հանրության շրջանում զայրույթ է առաջացրել հատկապես այն փաստը, որը նախարարը համբուրվել է համավարակի ամենաթեժ փուլում, երբ շարքային բրիտանացիներին պարտադրված էին բազմաթիվ սահմանափակումներ, այդ թվում` սոցիալական հեռավորության պահպանման վերաբերյալ:

Լուսանկարի կինը Ջինա Կոլադանջելոն է, որը վաղուց է ծանոթ նախարարի հետ: Հատկանշական է, որ թե՛ Հենքոկը, թե՛ սիրուհին ամուսնացած են, ունեն երեխաներ:  Աղբյուրը նկատում է, որ այս սկանդալը սոսկ բարոյականության հարց չէ. համավարակի ընթացքում Հենքոկը բազմիցս հայտարարել  է, որ թագավորության քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, հատկապես հասարակական տարածքներում: Միևնույն ժամանակ, Հենքոկն ու Կոլադանջելոն համբուրվել են նախարարության աշխատասենյակում: 

Նրանք միմյանց ճանաչում են Օքսֆորդում համատեղ ուսումնառությունից ի վեր: Ավելին, նրանք գտնվում են վերադաս-ենթակա հարաբերությունների մեջ: Կոլադանջելոն Առողջապահության նախարարությանն առընթեր խորհրդի անդամ է 2020թ. սեպտեմբերից: 

Լեյբորիստական կուսակցությունը պահանջում է պահպանողական նախարարի հրաժարականը` պնդելով, որ այս պարագայում կա «շահերի բախում հարկ վճարողների գումարի հաշվին». այլ կերպ ասած` Հենքոկը Կոլադանջելոյին նշանակել է պաշտոնում, որը վճարվում է բյուջեից:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:



 

 

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի համբույրը սիրուհու հետ սկանդալի է վերածվել. ընդդիմությունը պահանջում է նրա հրաժարականը