Ասանժի հարսնացուն հայտնել է, որ մտադիր են ամուսնանալ բանտում
Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացուն՝ Ստելա Մորիսը, հայտարարել է, որ մտադիր են ամուսնանալ բանտում: Այս մասին նա ասել է dpa-ին տված հարցազրույցում, փոխանցում է dw.com-ը:
«Քննարկում ենք բանտում ամուսնանալու տարբերակը, չէ՞ որ մենք 2016 թվականից նշանված ենք»,- ասել է Մորիսը:
Նա ընդգծել է, որ եթե բանտում իրենց հարսանիքը կայանա, ապա Ասանժի ազատ արձակվելուց հետո իրենք կտոնեն հարսանիքը՝ ընտանեկան ու ընկերական շրջապատում:
Մորիսը կոնկրետ ամսաթիվ չի նշել՝ ասելով միայն, որ դա կապված է բյուրոկրատական քաշքշուկների հետ:
«Մենք քննարկել ենք հարցը Բելմարշ բանտի հոգևորականների ծառայության հետ, նրանք ասացին, որ այստեղ իրենց ծառայության ընթացքում, այսինքն՝ 12 տարվա մեջ, հարսանիք չի եղել: Դա այդքան էլ հեշտ բան չէ»,- պարզաբանել է Մորիսը:
Մորիսի ու Ասանժի հարաբերությունները սկսվել են այն ժամանակվանից, երբ WikiLeaks-ի հիմնադիրը սկսել էր թաքնվել Միացյալ Թագավորությունում Էկվադորի դեսպանատանը: Զույգը երկու որդի ունի:
Ասանժը, ով 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել էր սեռական ոտնձգությունների ու բռնաբարության համար, 2012 թվականի հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ զգուշանալով արտահանձնումից:
2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նրան ԱՄՆ պահանջով ձերբակալել էին: Այդ օրվանից ի վեր նա Լոնդոնի Բելմարշի խիստ ռեժիմով բանտում է: Արտահանձնման հարցով լսումները սկսվել են 2019 թվականի մայիսի 2-ից: Դրանից հետո ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ասանժի դեմ մեղադրանքներ են ներկայացրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքը խախտելու համար:
ԱՄՆ արտահանձնելու պարագայում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում:










