Արմավիրի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը՝ պահանջելով կարգավորել ոռոգման ջրի խնդիրը (տեսանյութ)
Այսօր Արմավիրի մարզի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր ավտոճանապարհին։ Պատճառը ոռոգման ջրի բացակայություն է։ Բնակիչները, որոնք զբաղվում են հողագործությամբ, նշում են՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է բանջարեղենը և միրգը, և իրենք ֆինանսական մեծ վնասներ են կրում։
Բնակիչները նշում են, որ ՋՕԸ-ն պետք է գործի, սակայն այնպես չէ, որ ամբողջ պատասխանատվությունն այդ կառույցի վրա է:
Քաղաքացիների հետ հանդիպած «Ջրառ»-ի գլխավոր ինժեներ Աղվան Բեգլարյանը նշեց, որ եկել է ասելու՝ տասը մետրով ջրանցքը վթարված է: «Մարդկանց տները, մանկապարտեզները ջուր է լցվում, վերանորոգում ենք, ես դրա համար եմ եկել, ամբողջ գիշեր աշխատել ենք, աշխատանքները կվերջացնենք, ձեր ջուրը կտանք»:
Բնակիչներից մեկը նշեց, որ եթե խնդիրն այդքան հեշտ էր լուծելը, ապա ինչու մեկ շաբաթ ջուր չկար: «Հիմա, որ ջուր չեք տալիս, մարդիկ չեն էլ կարողանում հաց առնել, ջուր տվեք, կարո՞ղ է եկել ասում ենք՝ փող տվեք»:
Բեգլարյանն ասաց, որ քաղաքացիները սխալ են ներկայացնում իրավիճակը և ջուրն ընդամենը երեք օր է, ինչ չկա, սակայն բնակիչները պնդում են, որ սա հեքիաթ է, քանի որ եթե խնդիրը երեք օրվա լիներ, ապա այսօր դեռ որոշ չափով ջուր կլիներ:
Բեգլարյանի խոսքով՝ ջրանցքը կկարգավորվի երկու ժամից, և ջուրն անմիջապես կհասնի ժողովրդին:
Նշենք, որ ավելի ուշ ոստիկանները քաղաքացներին հորդորեցին բացել ճանապարհը, վերջիններս դուրս եկան ավտոճանապարհից և դուրս բերեցին մեքենաները, սակայն նշեցին, որ ՋՕԸ և «Ջրառ»-ի ներկայացուցիչները պետք է այցելեն և տեսնեն, որ հողատարածքն ամբողջովին չոր է:
Մանրամասները՝ տեսանյութում։










