«Մարդիկ սովից կորցրել էին բանականությունը, նույնիսկ երեխաների էին ուտում»․ հյուսիսկորեացի փախստականը պատմել է երկրում 1990-ականների սովի մասին
1990-ականներին Հյուսիսային Կորեայում բռնկված սովն, իսկապես, սարսափելի էր․ փողոցները վխտում էին սովահար եղած մարդկանց դիակներով, իսկ հուսահատությունը ոմանց նույնիսկ մարդակերության էր հասցրել։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում պատմել է հյուսիսկորեացի փախստական և իրավապաշտպան Չժիհեն Պակը։
Նրա խոսքով՝ 1990-ականներին սովից մահացել է նաև իր հորեղբայրը։
«Երբ տեսա նրա մարմինը, նա նման չէր մարդու։ Միայն դուրս ցցված ոսկորներ էի տեսնում»,- հայտնել է Պակը։
Հյուսիսկորեացին պատմել է, որ ողջ մնալու համար ընտանիքները ստիպված են եղել վաճառել իրենց ամբողջ ունեցվածքը, կերել են բառացիորեն ամեն ինչ՝ խոտ, խխունջներ, նույնիսկ առնետներ։
«Մարդիկ սովից կորցրել էին իրենց բանականությունը, սպանում ու ուտում էին այլ մարդկանց։ Նրանք նույնիսկ երեխաների էին ուտում»,- ասել է Պակը։
Նշենք, որ հունիսի կեսերին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումի ընթացքում հայտարարել էր երկրում սովի հնարավոր սպառնալիքի մասին:
Նրա խոսքով՝ պարենային շուկայում առկա լարվածության գլխավոր պատճառը «կորոնավիրուսի համավարակն է և երկրի տարածքում արձանագրված թայֆունները»։
Արևմտյան փորձագետների համոզմամբ՝ աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Հյուսիսային Կորեայի ղեկավարի՝ պարենային շուկայում տիրող ծանր կացության մասին խոստովանությունն աննախադեպ է և կարող է վկայել սովի վտանգի մասին։
Վերջին անգամ Հյուսիսային Կորեայում զանգվածային սով էր արձանագրվել 90-ականների կեսերին։ Արևմտյան մարդասիրական կազմակերպությունների գնահատմամբ՝ 1994-ից 98-ին Հյուսիսայի Կորեայում սովամահության դեպքերի թիվը գերազանցում էր 3 միլիոնը։










