Ռազմագերիներին վերաբերող ցանկացած հարց պետք է ծանրակշիռ քննարկել, դիտարկել առաջարկի իրատեսական լինելը. գերեվարված զինծառայողի եղբայրը՝ փաստաբանների առաջարկի մասին

14:01 • 28.06.21

Շնորհակալ ենք փաստաբաններից մեր հարազատներին աջակցելու պատրաստակամության համար, բայց ռազմագերիներին վերաբերող ցանկացած հարց պետք է ծանրակշիռ քննարկել, դիտարկել առաջարկի իրատեսական լինելը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը՝ անդրադառնալով մի խումբ փաստաբանների հայտարարությանը, թե պատրաստ են Բաքվի դատարանում պաշտպանել հայ ռազմագերիների շահերը:

«Ուզում եմ հիշեցնել, որ մենք թե՛ նստացույցի ժամանակ, թե՛ դրանից առաջ հայտարարում էինք, որ պահանջում ենք՝ Ադրբեջանում մեր տղաների գործերին հետևեն միջազգային դիտորդները, մեր տղաների հետ աշխատեն նաև հոգեբանները: Մինչ մեր նստացույցը որևէ հայ փաստաբան  առաջարկությունով հանդես չեկավ, հիմա առաջարկներ են հնչեցնում, որոնք պետք է քննարկենք, հասկանանք՝ դրանից կարող ենք տուժե՞լ, թե շահել:

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի հետ ևս պետք է քննարկել: Միջազգային հանրությունից պահանջում ենք, որպեսզի դիտորդներ ուղարկեն ադրբեջանական դատարան, որպեսզի Ադրբեջանը մեր տղաներին չդատի այնպես, ինչպես ուզում է», -մանրամասնեց նա:

Տիգրան Ամբարդարյանի խոսքով՝ Ադրբեջանը չի հետևում Ժնևյան կոնվենցիային, ուստի միջազգային ճնշումը չպետք է ուշանար:

«Փորձում են ահաբեկիչ ներկայացնել և հենց այդ հոդվածով էլ դատել: Բացի այդ Շիրակի խմբի տղաներին գերեվարել են հայտարարության ստորագրումից հետո»,-եզրափակեց նա:

 

Ռազմագերիներին վերաբերող ցանկացած հարց պետք է ծանրակշիռ քննարկել, դիտարկել առաջարկի իրատեսական լինելը. գերեվարված զինծառայողի եղբայրը՝ փաստաբանների առաջարկի մասին