Հորդանանում 66-ամյա տղամարդը AstraZeneca-ի 2-րդ պատվաստումից 10 րոպե անց մահացել է
Հորդանանի համալսարանի կամպուսի տարածքում գտնվող պատվաստման կենտրոնում բրիտանաշվեդական AstraZeneca-ի պատվաստանյութի 2-րդ ներարկումը ստանալուց հետո 66-ամյա տղամարդ է մահացել, հայտնում է Petra լրատվականը՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։
Տղամարդը կորցրել է գիտակցությունը ներարկումը ստանալուց 10 րոպե անց․ բժշկական անձնակազմը փորձել է վերակենդանացնել նրան՝ նախքան համալսարանական հիվանդանոց տեղափոխելը, որտեղ էլ արձանագրել են նրա մահը:
Առողջապահության նախարար Ֆիրաս Հավարին ասել է, որ տղամարդն առաջին ներարկումը ստացել է ապրիլի 4-ին, և որևէ կողմնակի ազդեցություն չի եղել։ Նախարարը նշել է, որ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները, այդ թվում՝ թրոմբները, ի հայտ են գալիս պատվաստվելուց 5 օր անց։
Նա հավելել է, որ մահվան պատճառը հստակեցնելու համար դիահերձում է կատարվում։










