Լիբանանում ցուցարարները երկրորդ օրն անընդմեջ արգելափակել են փողոցները` ազգային արժույթի արժեզրկման պատճառով (տեսանյութ)

11:20 • 28.06.21

Լիբանանի մի շարք շրջաններում ցուցարարները երկրորդ օրն անընդմեջ այրվող անվադողերով արգելափակում են ճանապարհները, այդ թվում` Բեյրութում, Տրիպոլիում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` նշելով, որ լիբանանցիների բողոքի համար պատճառ է դարձել ազգային արժույթի փոխարժեքի անկումը:

Հուզումները կրկին բռնկվել են ամերիկյան դոլարի նկատմամբ ազգային արժույթի հերթական արժեզրկման ֆոնին: Ուրբաթ օրվանից լիբանանյան ֆունտի փոխարժեքը 15 000-ից հասել է 18 100-ի` մեկ դոլարի դիմաց: Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը պահպանում է փոխարժեքը 1515 ֆունտ նախաճգնաժամային մակարդակում:

Բեյրութում կիրակի ճանապարհները փակել էին միանգամից մի քանի թաղամասերում: Նահատակների հրապարակում արվող անվադողերով արգելափակել էին գլխավոր խաչմերուկը: Բողոքի ակցիային մասնակցել է առավելագույնը 20 մարդ: Ակցիայի վայրում ոստիկաններ և զինվորականներ չեն եղել:

Ցուցարարներն իշխանություններին կոչ են անում ավարտին հասցնել կառավարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև պահանջում են կոռուպցիայի և ճգնաժամի խորացման համար մեղավոր պատգամավորների հրաժարականը: Նշվում է, որ լիբանանյան ընտանիքների մեծամասնությունը վերջին մեկուկես տարում հատել է աղքատության շեմը և զրկվել սննդամթերքի, բուժօգնության ծառայության և երեխաների կրթության ձեռքբերման ապահովման հնարավորությունից: 

 

 

 

Լիբանանում ցուցարարները երկրորդ օրն անընդմեջ արգելափակել են փողոցները` ազգային արժույթի արժեզրկման պատճառով (տեսանյութ)