Ընտրություններին չմասնակցած 50% ընտրազանգվածը թող պատրաստվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Այս ընտրությունները բավականին կարևոր էին այն առումով որ բոլորս պետք է ճանաչենք մեր հասարակությանը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ դժվար է այսօր պատկերացնել մեկին, որը կհավատա, որ իշխանական թևը հավաքել է այդ նկարած 53.92 տոկոսը:
«Հայաստանում կան մոտ 250 հազար աղանդավորներ, որոնք ընտրել են իրենց սրտի վարչապետին, բայց նրանք Հայ Առաքելական եկեղեցու և իրավապահների խնդիրն են: Ընտրությունների արդյունքները կարևոր են այնքանով, որ բոլորս պետք է ճանաչենք մեր հասարակությանը և պետք է վերհիշենք վարպետ Մուկուչյանի՝ թվերը նկարելու արվեստը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանը նշեց՝ պատահական չէ, որ Տիգրան Մուկուչյանն այդքան պահանջված է եղել բոլոր իշխանությունների կողմից և հիշեց լրագրող Արմեն Դուլյանի այն խոսքերը, թե երբեք չի հավատա ընտրությունների արդյունքներին, եթե ԿԸՀ նախագահ լինի Մուկուչյանը:
Լարիսա Ալավերդյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքները որակեց որպես լեգիտիմության նմանակում և հիշեց, որ հայ ժողովուրդը տեսել է ժողովրդավարության, տարբեր պետությունների ինստիտուցիոնալ կառույցների իմիտացիա, բայց լեգիտիմության իմիտացիա առաջին անգամ է տեսնում: «Քանի որ ընտրությունների արդյունքները լեգիտիմության իմիտացիա են, այս առումով ողջունելի է մի բան, որ ընտրության իրավունք ունեցողների 50%-ից միայն 400-420 հազարն են ընտրել իրենց սրտի վարչապետին, մնացածը եղել է վարչական ռեսուրսը և բանակը: Վարչական ռեսուրսի օգտագործում նախկինում էլ է եղել, բայց այդպես գռեհիկ և ցուցադրական ձևով չի եղել»,- ասաց Ալավերդյանը:
Ալավերդյանն ընդգծեց, որ ընտրություններին չմասնակցած 50% ընտրազանգվածը թող պատրաստվի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանիբ որ դրանք անխուսափելի են:
Նախկին օմբուդսմենը ասաց նաև, որ այս իշխանությունը միակն է, որին ողջունել է Ադրբեջանի ամբողջ վերնախավը: «Հետաքրքիր է վերջապես, ում է հաղթել այս իշխանությունը, չէ որ չեն նշում որ հաղթել են ընտրություններում: Նախ և առաջ ուրախացնելով ադրբեջանական վենախավին, նրանք հաղթել են հայկական վերնախավին և այդ նպատակը դրված է եղել»,- ասաց Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանության նպատակն է հաղթել այն վերնախավին, որը ձգտում և պահպանում է հայոց պետականությունը հայոց լեռնաշխարհում:










