Ինձ աշխատանքից ազատել են միայն նրա համար, որ դաշնակցական եմ. Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենը հայտնում է՝ ընտրություններից առաջ Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել է 3 տնօրենի
Ընտրություններից առաջ Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել է 3 տնօրենի: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Գյումրու թիվ 38 դպրոցի՝ աշխատանքից ազատված տնօրեն Արփինե Նիկողոսյանից, ով ներկայացրեց, որ նույն կերպ աշխատանքից ազատվել են նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանը և Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանը։
Արփինե Նիկողոսյանը ներկայացրեց, որ ընտրություններից առաջ՝ հունիսի 11-ին վերջինիս կանչել են մարզպետարան ու ցույց տվել աշխատանքից ազատման որոշումը: «Երբեք որևէ խնդիր չեմ ունեցել, ու ազատման համար էլ պատճառաբանություն չեն հայտնել, որոշման մեջ ասվում է, որ աշխատանքից ազատվում եմ, որովհետև մարզպետն անվստահություն է հայտնել: Ինձ աշխատանքից ազատել են միայն նրա համար, որ դաշնակցական եմ, որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»:
Նիկողոսյանը ներկայացրեց նաև, որ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի՝ աշխատանքից ազատված տնօրեն Այվազ Սուքիասյանը ևս ՀՅԴ անդամ է, իսկ Գեղանիստի դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանի ամուսինն է ՀՅԴ անդամ: Ըստ նրա՝ բոլորի ազատման պատճառն էլ նույնն է:
«Իմ աշխատանքից ազատման մասին ծնողներն ու ուսուցիչները նույն օրն իմացան, ըմբոստացան, բայց քանի որ ընտրական շրջան էր, ես թույլ չտվեցի, որ այլ ընթացք տան, քանի որ ոչինչ չէր փոխվի: Ես դիմել եմ Վերաքննիչ դատարան, արդեն վարույթ է ընդունվել ու մակագրումն իրականացվել է, գիտեմ, որ ամեն ինչ լավ է լինելու ու վերականգնվելու եմ այդ պաշտոնին»,-ասաց նա:










