Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն այժմ «ստորացնում» են ԱՄՆ-ն, ինչը չկար իմ օրոք. Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին մեծ հանրահավաքն է կազմակերպել (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին մեծ հանրահավաքն է կազմակերպել: Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են հազարավոր մարդիկ, գրում է reuters.com-ը:
Թրամփի ելույթի մեծ մասն ուղղված է եղել Ջո Բայդենի վարչակազմին քննադատելուն: Նշենք, որ Թրամփի սոցցանցային էջերը սառեցված են կամ ջնջված, ինքն էլ հազվադեպ է հանրության մեջ հայտնվում և լրագրողների հետ շփվում:
ԱՄՆ նախկին նախագահը կրկին հայտարարել է, որ, ըստ իրեն, անցյալ տարվա նոյեմբերին տեղի ունեցած ընտրություններն անարդար են եղել և իրեն զրկել են հաղթանակից: Թրամփը նաև կոչ է արել Կոնգրեսի սպասվող ընտրություններում քվեարկել իր կողմնակիցների օգտին և չաջակցել այն հանրապետականներին, որոնք հունվարին իր պաշտոնանկությանը կողմ էին արտահայտվել:
Իր ելույթում նա նշել է նաև, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն այժմ «ստորացնում» են ԱՄՆ-ն, ինչը չկար իր օրոք: Նա մեղադրել է Բայդենի վարչակազմին, որ այն թույլ տվեց ավարտին հասցնել Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը՝ հայտարարելով, որ իր օրոք ԱՄՆ-ն հասել էր գազատարի կառուցման դադարեցմանը: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ հենց Թրամփի վարչակազմն է թույլ տվել Ռուսաստանին կառուցել գազատարը 90 տոկոսով:
Նա ուղղակիորեն չի խոսել 2024 թվականին նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու ծրագրերի մասին, բայց ասել է, որ հանրապետականները պետք է պայքարեն Սպիտակ տան համար:










