««Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած գումարները լափվեցին, այս իրավական գործընթացում ներգրավելու ենք նաև միջազգային իրավապահների». փաստաբաններ (տեսանյութ)

13:49 • 29.06.21

«Մեր փաստաբանական գրասենյակ են դիմել ամերիկաբնական սփյուռքահայերը, ովքեր բավականին վրդովված են, որ իրենց նվիրաբերած գումարները բացահայտ սխեմայով լափվեց կառավարության կողմից»: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ կառավարությանը հատկացված գումարներին:

«Ես չեմ խուսափում այդ գնահատականից, իրականում շատ պարզ սխեմայով այդ գումարները լափվեցին: Այս հետընտրական թոհուբոհից ուշքի գալով՝ պետք է շարունակել գործող իշխանական խմբավորման դեմ պայքարը բոլոր ուղղություններով: Պայքարներից մեկն էլ լինելու է այս կոռուպցիոն սխեմաների բացահայտումները»,- ասաց փաստաբանը:

Կոչուբաևի խոսքով՝ իրենք գործակցում են ամերիկաբնակ փաստաբան գործընկերների հետ, մասնավորապես՝ Գլենդելի դատախազության ուժերը պետք է ներդնեն, քանի որ, իր խոսքով, «լափվել են» Գլենդելի ամերիկաբնակ հայերի գումարները:

«Նախաձեռնությունը կարծես թե Հիմնադրամինն էր, բայց Կառավարությունը կարծես թե ճնշումներով ամբողջ Հայաստան համահայկական հիմնադրամում առկա գումարներն իբր թե նվիրաբերության պայմանագրով տրվեցին կառավարությանը» ,- ասաց նա:

Կոչուբաևը տեղեկացրեց, որ իրենք մի քանի գործողություն են պլանավորում  լափված գումարների սխեման բացահայտելու և դրանք հիմնադրամ վերադարձնելու,  դրանք կանոնադրային նպատակներին ծառայեցնելու նպատակով:

Փաստաբան Աբգար Պողոսյանն էլ նշեց, որ այստեղ առկա է յուրացման հանցակազմ:

«Երբ մենք խոսում ենք համահայկական հիմնադրամի մասին, ապա նրանց վստահել են այդ գումարը և այդ սխեմայի շրջանակում փոխանցել են կառավարությանը, ինչն իրականում հափշտակության տեսակ է: Այս մասով հաղորդում ենք ներկայացնելու գլխավոր դատախազին: Քանի որ նաև գործ ունենք օտար երկրի քաղաքացիների հետ, միտք ունենք ներգրավել նաև միջազգային իրավապահ մարմիններին»,- ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով` հանգամանքները կարող են լիարժեք բացահայտվել, միայն պատշաճ իրավական ընթացակարգով: Միայն հարուցված քրեական գործով կարելի է  այս հանգամանքների հարցերի պատասխանը ստանալ:

«Շատ կարևոր է նաև հասկանալ`համահայկական հիմնադրամը գործել է սեփական նախաձեռնությամբ, թե՞ ստիպել են, կամ ընդհանուր խումբ է գործել: Այս մասով մենք կարծում ենք, որ մի հոգու կողմից չէ կատարվել հանցագործությունը, գործ ունենք  կազմակերխված խմբի հետ»,- ասաց Պողոսյանը:

Փաստաբան Նաիրա Հակոբյանն էլ ասաց՝ որքան էլ կառավարությունը փորձի օրինականացնել իր գործողությունները, ամեն դեպքում իրավական տեսանկյունից կան բազմաթիվ խախտումներ ու չարաշահումներ, որոնք հակասում են մեկը մյուսին:

«Կառավարությունը նվիրաբերության այդ պայմանագիրը կնքելուց հետո ֆինանսների նախարարության միջոցով փորձեց պարզաբանում տալ նշված հարցերին, սակայն այդ պարզաբանումը ավելի շատ ենթադրում է հակաիրավական գործընթաց: Այդ նվիրաբերության պայմանագիրը կնքվել է բազմաթիվ իրավախախտումնրով և հանգեցրել է նրան, որ համահայկական հիմնադրամին նվիրաբերություն կատարած անձինք տեղյակ չեն՝ ինչի հիման վրա իրենց տրամադրած փողի մեծ մասը փոխանցվել է ՀՀ կառավարությանը»,- ասց փաստաբանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը հակասում է ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքին, հիմնադրամների մասին օրենքին և հենց «Հայաստան» Համահայկական հիմնադրամի կանոնադրությանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

 

««Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերած գումարները լափվեցին, այս իրավական գործընթացում ներգրավելու ենք նաև միջազգային իրավապահների». փաստաբաններ (տեսանյութ)