Փհենյանի բնակիչը հեռուստատեսության եթերում ասել է, որ Կիմ Չեն Ընի առողջական վիճակը «կոտրում է մարդկանց սրտերը»
Փհենյանի բնակիչներից մեկը պետական հեռուստատեսության եթերում ասել է, որ Կիմ Չեն Ընի առողջական վիճակը «կոտրում է մարդկանց սրտերը», հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Տեսանյութը պետական հեռուստատեսության եթերում է հայտնվել ուրբաթ, որի համաձայն Հյուսիսային Կորեայում բոլորը սրտացավ են զգալիորեն նիհարած Կիմ Չեն Ընի համար։
Վերլուծաբանների կարծիքով՝ պետական հեռուստատեսությամբ նման սյուժեի ցուցադրումը վկայում է այն մասին, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները փորձում են օգտագործել երկրի ղեկավարի քաշի կորուստը՝ դժվար պահերին նրա հանդեպ հավատարմության ամրապնդման նպատակով։
Հայտնի է, որ վերջին շրջանում երկրում առկա է պարենային ճգնաժամ և այն մեկուսացված է կորոնավիրուսային պատնեշի ետևում։ Այդ դժվարությունների ֆոնին Կիմ Չեն Ընի քաշի զգալի կորուստը մտահոգություն է առաջացրել, քանի որ երկրի առաջնորդը վերջին շրջանում անընդհատ գիրանում էր։ Մտահոգությունը կապված է նրա հնարավոր մահվան դեպքում իրավահաջորդության և երկրում կայունության հետ։
Հակառակ նրան, որ Կիմ Չեն Ընի կյանքը միշտ տաբու է եղել լրատվամիջոցների համար և նույնիսկ հայտնի չէ, թե նա քանի երեխա ունի, Փհենյանն օգտագործում է ղեկավարի արտաքինի փոփոխությունը՝ նրան որպես «նվիրված և շատ աշխատասեր» առաջնորդ ներկայացնելու համար, որն «այնքան է աշխատում իր քաղաքացիների համար, որ քիչ է ուտում և նիհարում է»:
Կիմ Չեն Ընը շատ ակտիվ ծխող է և գեր է ինչպես իր հայրն ու պապը, որոնք երկուսն էլ մահացել են սրտի կաթվածից։










