Լոռու մարզի Բազում գյուղը կարկտահարվել է, բերքի 80-90%-ը վնասվել է, կառավարությունից ակնկալում ենք՝ մեր գյուղատնտեսական վարկերը մարեն, որևէ օգնություն ցուցաբերեն. գյուղի բնակիչ (տեսանյութ)

14:38 • 30.06.21

Նախորդ տարիներին չի եղել նման բան, որ այս աստիճանի բերքը վնասվի, ուղղակի աննախադեպ չափերի վնաս է կրել գյուղի բերքը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Բազում գյուղի բնակիչը:

«Երեկ առատ կարկուտ է եկել ու վնասել գյուղի բերքի 80-90%-ը, այն էլ այս ժամանակահատվածում, երբ պետք է բերքահավաք իրականացնեինք, այդ բերքը վաճառեինք ու փակեինք գյուղական վարկերը, նման բա՞ն է լինում»,- ասաց գյուղի բնակիչը:

Նա տեղեկացրեց, որ բնակիչները դիմել են համայնքապետարան, որտեղից նրանց ասել են, որ որևէ բանի ձեռք չտան, պատկան մարմինները կգան և կգնահատեն բերքի վնասվածության չափը:

«Մենք դիմել ենք համայնքապետարան, սպասում ենք, որ գան, իսկ կառավարությունից ակնկալում ենք, որ մեր գյուղատնտեսական վարկերը մարեն, կամ քչացնեն, որևէ օգնություն ցուցաբերեն նման իրավիճակում»,- նշեց նա:

Լոռու մարզի Բազում գյուղը կարկտահարվել է, բերքի 80-90%-ը վնասվել է, կառավարությունից ակնկալում ենք՝ մեր գյուղատնտեսական վարկերը մարեն, որևէ օգնություն ցուցաբերեն. գյուղի բնակիչ (տեսանյութ)