Ռազմագերիների վերադարձի հարցը միայն «Իմ քայլը» խնդիրը չէ, դա ամբողջ հայության խնդիրն է, ցանկացած երկրում Ադրբեջանի դեսպանության մոտ պետք է պիկետ լինի. Հովհաննես Իգիթյան

13:00 • 30.06.21

 

ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանի ժամանակ ադրբեջանական կողմը ստեղծում էր կեղծ թեզ խաղաղության մասին: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ քննարկվող հարցերին և ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերին:

«Կեղծ թեզ էր, քանի որ եվրոպական պլատֆորմերում խոսում են խաղաղությունից, վերադառնում են, Ադրբեջանում այցելում ռազմավարի պուրակ և գեներացնում ատելություն հայի նկատմամբ, դրա լավագույն արձագանքը Ալիևի ելույթներն են ուղղված մեր դեմ, որտեղ կա ատելության քարոզ, դա ցույց է տալիս, որ այդ երկրում խաղաղությունը շատ այլ կերպ է ընկալվում»,- ասաց Հայրապետյանը:

Ասուլիսի ընթացքում պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը ընդգծեց, որ ԵԽԽՎ-ում ընդհանուր մթնոլորտը ուղղված է եղել այն խնդիրներին, որոնք մեզ հուզում են. «Բոլոր զեկուցողները՝ բացառությամբ մեկ կամ երկուսի, գտնում են, որ առանց գերիների վերադարձի անհնար է առաջ շարժվել: Մեր ելույթներում, մեր գործընկերների ելույթներում բոլոր բարձրաձայնված խնդիրները, որոնք հուզում են մեր հասարակությանը, բարձրաձայնվում էին»:

ԵԽԽՎ հայ պատվիրակության ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը նշեց, որ ռազմագերիների վերադարձի հարցը բացառապես հումանիտար է և չի կարող կապված լինել որևէ այլ թեմայի հետ:

«Մեր եվրոպացի գործընկերները հստակ արձանագրում են, որ չի կարելի այս հարցերը բանակցային սակարկման թեմա սարքել: Ապրիլին ունեցած քննարկումները ապաքաղաքական խմբերի ֆրակցիաների ղեկավարների բոլորի ելույթներում կարմիր գծով գնում էր, որ այս հարցի շուրջ չկա պայմանականություն»,- ընդգծեց Ավետիսյանը:

Տաթևիկ Հայրապետյանը ներկայացրեց մի դրվագ, որը լիագումար նիստի ընթացքում տեղի չի ունեցել և նշեց՝ հետևաբար այդ դրվագը չի հպարակվել և ներկայացրեց մանրամասներ. «Ադրբեջանական կողմը խոսում էր խաղաղության կեղծ թեզերից, ես մեջբերեցի Ալիևի՝ այդ ժամանակաշրջանի տեքստերը, որը բուռն ռեակցիա առաջացրեց եվրոպացի գործընկերների մոտ: Ադրբեջանցի պատվիրակը նշեց՝ ինչու՞ պետք է նրանց ետ վերադարձնենք, եթե հանցագործներ են ու ահաբեկիչներ, իսկ դա սրեց մթնոլորտը. նիստը վարողն ուղղակի ասում էր, որ սա ոչ մի տեղ տանող քննարկում է»,- նշեց Հայրապետյանը:

Իգիթյանը իր հերթին ընդգծեց, որ ռազմագերիների վերադարձի խնդիրը ամբողջ հայության խնդիրն է: «Ռազմագերիների վերադարձի հարցը միայն «Իմ քայլը» խնդիրը չէ, դա ամբողջ հայության խնդիրն է, ցանկացած երկրում Ադրբեջանի դեսպանության մոտ պետք է պիկետ լինի»,- ասաց Իգիթյանը:

Ռազմագերիների հարցի շրջանակներում Սոս Ավետիսյանը անդրադարձավ նաև հայ ռազմագերիների ընթացող դատավարությանը Բաքվում:

«Ես չեմ կարծում, որ պետք է այդ դատավարություններին առհասարակ մասնակցել, քանի որ բոլորս էլ գիտենք, որ դա շինծու դատավարություններ են, որոնք Ադրբեջանը անում է ինչ-որ բաներ իր հասարակությանը ապացուցելու, իրավական բենեֆիտներ ստանալու համար, մեր մասնակցությունը այնտեղ կարող է բերել աբսուրդային դատերի, սա իմ կարծիքն է»,- ասաց Սոս Ավետիսյանը:

Ռազմագերիների վերադարձի հարցը միայն «Իմ քայլը» խնդիրը չէ, դա ամբողջ հայության խնդիրն է, ցանկացած երկրում Ադրբեջանի դեսպանության մոտ պետք է պիկետ լինի. Հովհաննես Իգիթյան