Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավարը հրաժարական է տվել

17:37 • 30.06.21

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թամար Ժվանիան հրաժարական է տվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժվանիան հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր Էջում:

Ժվանիան Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գլխավորել Է 2013 թվականից: Այդ ժամանակաընթացքում նա անցկացրել է վեց համընդհանուր եւ մի քանի միջանկյալ ընտրություններ:

«Ես որոշում եմ ընդունել 2021 թվականի հուլիսի 1-ից չերկարացնել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունների ժամկետը, ինչը քաղաքական կողմերին թույլ կտա ԿԸՀ-ի նախագահ ընտրել նորացված Ընտրական օրենսգրքի հիման վրա»,-գրել է Ժվանիան:

«Ես կարծում եմ, որ ընտրությունների կանոնները, որոնք ընդունվել են Շառլ Միշելի համաձայնագրին համապատասխան, բերել են նոր իրողություն: Համապատասխանաբար, ԿԸՀ-ի նոր նախագահի ընտրությունը, նոր կանոնին համապատասխան, կդառնա լրացուցիչ գործոն, որը կնպաստի ընդգրկուն քաղաքական համաձայնությանը: Վստահ եմ, որ իմ որոշումը կմեծացնի քաղաքական ուժերի միջեւ կառուցողական հարաբերությունների հնարավորությունը, ինչը, իր հերթին, կօգնի ընտրական ադմինիստրացիային, առաջիկա ընտրական գործընթացին և մեր երկրին՝ ընդհանուր առմամբ»,-նշել է Ժվանիան:

Ընդդիմությունը քանիցս պահանջել է Ժվանիայի պաշտոնաթողությունը՝ նրան մեղադրելով իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության օգտին ընտրությունների կեղծման համար: Ամենից ուժեղ այդ պահանջը հնչել Է 2020 թվականի աշնանն անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո:

Ընդդիմությունը ԿԸՀ-ին մեղադրել է ընտրությունների արդյունքները կեղծելու համար և հրաժարվել ճանաչել դրանց օրինական լինելը: Ընտրական ադմինիստրացիայի փոխվելը եղել է այն կուսակցությունների գլխավոր պահանջներից մեկը, որոնք այդ պահին բոյկոտել էին օրենսդիր մարմինը:

Այս տարվա ապրիլին Վրաստանի իշխանությունները և ընդդիմությունը փոխզիջման համաձայնագիր են ստորագրել քաղաքական ճգնաժամից դուրս գալու շուրջ, որն առաջարկվել էր Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից:

Պայմանագրի համաձայն, կողմերը պետք է փոխեն Վրաստանի Ընտրական օրենսգիրքն այնպես, որ դրանում արտացոլվի Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների բյուրոյի և Վենետիկի հանձնաժողովի բոլոր հանձնարարականները:

Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավարը հրաժարական է տվել