Չինացիները երբեք չեն ճնշել այլ ժողովուրդների և չեն էլ անի դա, իսկ ով փորձի ստրկացնել Չինաստանը, գլուխը կտա պողպատյա մեծ պատին. Սի Ծինփինը՝ Կոմկուսի 100-ամյակի տոնակատարությանը (լուսանկար, տեսանյութ)
Չինացիները երբեք չեն ճնշել այլ ժողովուրդների և չեն էլ անի դա, իսկ ով փորձի ստրկացնել Չինաստանը, «գլուխը կտա պողպատյա մեծ պատին»: Այդ մասին հինգշաբթի ասել է Չինաստանի ղեկավար, Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, գրում է BBC-ն:
Այսօր Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի է ունեցել մասշտաբային հանդիսավոր արարողություն՝ նվիրված Չինաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակին: Շքեղ միջոցառմանը ելույթ է ունեցել երկրի ղեկավարը:
«Չինաստանի ժողովուրդն արդարության համար պայքարող ժողովուրդ է, որը չի վախենում սպառնալիքներից և բռնությունից: Չինական ազգն ունի ազգային հպարտության և ինքնավստահության ուժեղ զգացում: Չինացիները երբեք չեն ճնշել այլ ժողովուրդների և չեն էլ անի դա՝ ո՛չ անցյալում, ո՛չ ներկայում և ո՛չ էլ ապագայում», - ասել է Սի Ծինփինը տոնակատարության ժամանակ:
Նա շեշտել է, որ «միևնույն ժամանակ, Չինաստանի ժողովուրդը երբեք թույլ չի տա արտաքին ուժերին ճնշել կամ ստրկացնել իրենց, իսկ ով ցանկանա նման բան անել, անշուշտ գլուխը կտա պողպատյա մեծ պատին, որը ստեղծվել է 1,4 մլրդ չինացիների միս ու արյունից»: Նրա ելույթին հաջորդել են 70 000 ներկաների ծափահարությունները:













