Վրաստանում 12 մարդու են ձերբակալել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ հանարահավաքի ժամանակ

23:53 • 01.07.21

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները 12 մարդու են ձերբակալել Թբիլիսիում անցկացվող հանրահավաքի ժամանակ, որի մասնակիցները դեմ էին հանդես գալիս ԼԳԲՏ համայնքի ակտիվիստների համար վավերագրական ֆիլմի ցուցադրությանը:

«12 մարդ է ձերբակալվել: Նրանք բոլորը վարչական կալանքի տակ են գտնվում՝ 166 (մանր խուլիգանություն) և 173 (անհնազանդություն ոստիկանությանը) հոդվածներով»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Թբիլիսիում հինգշաբթի մեկնարկել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքներին նվիրված շաբաթը: Միջոցառումների կազմակերպիչը «Թբիլիսի փրայդ» հասարակական կազմակերպությունն է: Առաջին օրը նվիրված է վավերագրական ֆիլմի փակ ցուցադրմանը:

Ցուցադրման վայրը գաղտնի է եղել, սակայն ավանդական արժեքների մի շարք պաշտպաններ իմացել են, որտեղ է միջոցառումը տեղի ունենալու, եկել են կինոթատրոնի մոտ և փորձել են խոչընդոտել ֆիլմի ցուցադրության անցկացմանը: Այստեղ նրանց դիմավորել են ոստիկանության աշխատակիցները: Իրավիճակը սրվել է, երբ միջոցառման հյուրերի վրա սկսել են քարեր, շշեր և ձվեր նետել:

 

Վրաստանում 12 մարդու են ձերբակալել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ հանարահավաքի ժամանակ