Պետական անձինք պետք է անաչառ լինեն եկեղեցու նկատմամբ և ոչ թե քաղաքական պայքար մղեն հոգևորականների դեմ կամ փորձեն ուղղորդել եկեղեցուն. Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյան (տեսանյութ)
Առաջին անգամ չէ, որ քաղաքական անձինք քննադատում են հոգևորականներին, դա եղել է հայ եկեղեցում, եղել են անգամ սպանություններ. եթե քաղաքական անձանց չես ենթարկվում, նրանք լարվում են եկեղեցու դեմ, մշտապես ուզում են ուղղորդել հոգևորականներին, եկեղեցին չի ուզում քաղաքականացվել, բայց պարտադրում են: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը:
«Ժամանակն է, որ քաղաքական մարդիկ մեզ հանգիստ թողնեն, մենք էլ իրենց հանգիստ թողնենք, պետք է լեզու գտնել ամեն տեսակի քաղաքական անձանց հետ: Կա դրական և բացասական չեզոքություն, եկեղեցու անաչառության դիմաց՝ պետական անձինք պետք է անաչառ լինեն եկեղեցու նկատմամբ: Հայ ժողովրդի համար եկեղեցին նույնը չէ, ինչ այլ ազգերի համար, մեզ համար եկեղեցին սրբություն է, առանց եկեղեցու դաստիարակություն չկա»,- ասել է սրբազան հայրը:
Ըստ Գալփաքյանի՝ ոչ ոք չի կարող եկեղեցու դեմ արտահայտվել, առանձին եկեղեցականների դեմ՝ միգուցե, բայց նրանք էլ մարդիկ են՝ իրենց մեղքերով. «Հոգևորականների մեղքը չի կարելի քաղաքական հարց դարձնել: Եթե որևէ մեկը հետաքրքրված է որևէ եկեղեցականով, կարող է գալ և խոսել նրա հետ, ոչ թե դա քաղաքական պայքարի միջոց դարձնել: Մենք ժառանգում ենք ադամական մեղքը: Հայաստանի անկախացման օրերին հաճախ էինք ասում, որ մեր Սահմանադրության մեջ պետք է նշվի՝ Հայաստանի պետական պաշտոնական կրոնը Հայ առաքելական եկեղեցին է, մեզ ասում էին՝ մենք եվրոպական երկիր ենք ուզում դառնալ»:
Հոգևորականի կարծիքով՝ ազգուրացություն է, երբ հավասարության նշան են դնում Հայ առաքելական եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների միջև. «Որևէ մեկը չի կարող իրեն համեմատել Քրիստոսի հետ, ինչպես վարչապետն էր փորձում: Ոչ ոք չի կարող իրեն Աստծուն մոտիկ կամ անմեղ համարել, մեր մեծագույն սուրբ Նարեկացին իրեն տիեզերական մեղքեր էր վերագրում: Նա, ով չի զգում, որ մեղք ունի, ինչպես որոշ աղանդներ են իրենց հետևորդներին սուրբ համարում, երիցս սխալվում են»:
Մայր Աթոռի միաբանի պնդմամբ՝ եկեղեցու պարտականությունը մարդկային կյանքի սխալների մասին խոսելն ու դրանք շտկելն է: «Եկեղեցին չպետք է քաղաքական գործերին խառնվի, բայց նաև մարդու դաստիարակն է: Սուրբ Օգոստինոսն ասում է՝ եկեղեցին ցուցահանդես չէ, այն դաստիարակության տեղ է: Մարդկային սխալներն Աստծու վրա բարդելը ճիշտ չէ, ինչպես վարչապետը փորձեց անել վերջերս: Այն, ինչ եղավ, անխուսափելի էր, օտար դիտորդի աչքով դա ակնհայտ է: Ընտրված իշխանությունը թվարկում է, թե ինչեր պիտի անի: Ինչո՞վ է անելու, փող ունե՞նք, որտեղի՞ց ենք ստանալու այդ ամենը: Երբ ռուսներին բողոքեցինք, թե ինչու են Ադրբեջանին զենք վաճառում, ասացին՝ մենք նրանց վաճառում ենք, իսկ ձեզ անվճար ենք տալիս: Քաղաքական այս իրավիճակում ոմանք անգամ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհեռատես առաջարկ էին անում»,- ամփոփել է Տեր Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը:
Դավիթ Սարգսյան










