2020-ի նոյեմբերին Ռուստամ Բադասյանը բնակարան է գնել Երևանում, ավելի քան 7 մլն դրամ պարգևավճար է ստացել․ արդարադատության նախարարի պաշտոնակատարի հայտարարագիրը

14:55 • 02.07.21

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը 2020-ի նոյեմբերին կնոջ՝ Տաթևիկ Սարգսյանի հետ համատեղ սեփականությամբ բնակարան է գնել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Բադասյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից։

2020-ի ընթացքում, որպես արդարադատության նախարար, Բադասյանը ստացել է ավելի քան 7 մլն դրամ պարգևավճար։

 «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նախարարների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 12,00, այսինքն՝ նրանց ամսական աշխատավարձը 793 680 դրամ է: Հետևաբար՝ Ռուստամ Բադասյանի աշխատավարձը տարեկան կազմում է 9 524 160 դրամ: Բադասյանը 2020-ի ընթացքում որպես աշխատանքի վարձատրություն հայտարագրել է 16,632,462 դրամ, հետևաբար՝ պարգևատրվել է 7 108 302 դրամով։

Նա որպես այլ եկամուտ հայտարարագրել է նաև ՀՀ ՊԵԿ-ից ստացած 4,614,288 դրամ։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումար՝ Բադասյանը հայտարարագրել է 45,584,000 դրամ, որը տարեվերջին զրոյացվել է։

Որպես բանկային հաշվին առկա գումար՝ Բադասյանը տարեսկզբին հայտարարագրել է 3,279,160 դրամ, որ 2020-ի ավարտին ավելացել է՝ կազմելով 5,565,100 դրամ։ Նաև՝ տարեվերջին առկա մոտ 167 եվրո։

Որպես տարեվերջին առկա կանխիկ դրամական միջոց՝ Բադասյանը հայտարարագրել է 950 դոլար։

Բադասյանի կինը՝ Տաթևիկ Սարգսյանը, որը «ԹԻ ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ՍՊԸ-ի տնօրենն է, որպես նշված կազմակերպությունից 2020-ի ընթացքում կատարած աշխատանքի վարձատրություն՝ հայտարարագրել է 3,600,000 դրամ։

Որպես 2020-ին առկա ավանդի գումար՝ Սարգսյանը հայտարարագրել է 6800 դոլար, բանկային հաշվին առկա դրամական միջոց՝ 75,000 դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ կազմելով 317,684 դրամ։ Որպես տարեսկզբին առկա կանխիկ դրամական միջոց՝ նա հայտարարագրել է 150,000 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 120 000 դրամ։

2020-ի նոյեմբերին Ռուստամ Բադասյանը բնակարան է գնել Երևանում, ավելի քան 7 մլն դրամ պարգևավճար է ստացել․ արդարադատության նախարարի պաշտոնակատարի հայտարարագիրը