Սև ծովում խորտակվող ուկրաինական նավին օգնության է հասել ՌԴ Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային մոտորանավակը

14:15 • 03.07.21

Սև Ծովում ուկրաինական խորտակվող ձկնորսական նավին օգնության է հասել ՌԴ Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային մոտորանավակը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ազգային վերահսկման կենտրոնին։

«Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային մոտորանավակը ուղարկվել է այն տարածք, որտեղ խորտակվում էր ուկրաինական OD-2592 ձկնորսական նավը, որի անձնակազմը հուլիսի 3-ին ժամը 01։27 օգնություն էր խնդրել», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիական նավի հետ կապված արտակարգ իրավիճակի մասին զեկուցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության ազգային վերահսկման կենտրոն, որը Ուկրաինայի իշխանություններին տեղեկացրել է՝ OD-2592 նավի կողմից ազդանշան ստանալու մասին։

Ավելի վաղ «Իվանովեց» հրթիռային մոտորանավակն ազդանշան էր ստացել ուկրաինական ձկնորսական նավից, որը նշել էր, որ խափանվել է շարժիչն ու խնդրել այդ մասին տեղեկացրել ուկրաինական իշխանություններին։

Ձկնորսական նավին օգնություն տրամադրելու համար տարածքում են ռուսական «Իվանովեց» հրթիռային մոտորանավակն ու ՌԴ ԴԱԾ (դաշնային անվտանգության ծառայության) սահմանապահ ծառայության «Բեզուպրեչնի» նավը։

Սև ծովում խորտակվող ուկրաինական նավին օգնության է հասել ՌԴ Սևծովյան նավատորմի «Իվանովեց» հրթիռային մոտորանավակը