Ֆլորիդայում փլուզված շենքի ավերակների տակից դուրս են բերել որոնողափրկարարական աշխատանքների մասնակից հրշեջներից մեկի 7-ամյա դստեր դին
Ֆլորիդայում փլուզված շենքի որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել հրշեջ ծառայության աշխատակիցներից մեկի 7-ամյա դստեր մարմինը, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ հայրը մասնակցել է դստեր մարմնի դուրսբերման աշխատանքներին։
Այսպիսով՝ զոհվածների թիվը հասել է 22-ի, իսկ անհետ կորածներինը՝ 126-ի։
7-ամյա Ստելլա Կատարարոսը 3-րդ երեխան է, որի մարմինը դուրս է բերվել փլատակների տակից՝ 4-ամյա Լյուսիա Գուարայից և 10-ամյա Էմմա Գուարայից հետո։
«Երբ նա իմացավ, որ մոտ ենք այն տարածքին, որտեղ կարող է լինել իր սիրելին, նա կանգնեց հրշեջ ծառայության մյուս աշխատակիցների կողքին», - Ստելլայի հոր մասին խոսելիս ասել է Մայամիի հրշեջ ծառայության կապիտան Իգնատիուս Քարոլը և հավելել, որ կարողացել են հանել աղջկա մարմինն ու հնարավորություն տալ հորը՝ հրաժեշտ տալ նրան։
Հայտնի է, որ քաղաքապետը հրահանգ է տվել քանդել շենքի կանգուն մնացած հատվածը՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է փլվել փրկարարաորոնողական աշխատանքների մասնակիցների վրա։ Բացի այդ, նրանք ցանկանում են աշխատանքներում առաջընթաց գրանցել մինչև Էլզա փոթորիկի ժամանումը, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում 12-հարկանի բնակելի շենք է փլվել։ Հայտնի չէ, թե շենքի փլուզման ժամանակ քանի մարդ է եղել շենքում։ Զոհերի թիվը հասել է 22-ի:
«Մենք պատրաստ ենք վատ լուրերի՝ հաշվի առնելով ավերածությունների ծավալը»,- ասել էր Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը։










