Գերմանիայի փոխկանցլերը հայտարարել է, որ Բեռլինն աշխատում է առաջիկա տարիներին Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից գազի տարանցումը պահպանելու ուղղությամբ

00:49 • 03.07.21

Գերմանիան ակտիվ աշխատում է ոչ միայն առաջիկա երկու-երեք տարիներին, այլ ավելի երկար հեռանկարում Ուկրաինայի տարածքով Ռուսաստանի գազի տարանցումը պահպանելու ուղղությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր, ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ամերիկացի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո «Bloomberg TV»-ին տված հարցազրույցում:

«Գերմանիան արդեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ: Մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից արտահանվող գազի տարանցման մասին պայմանագիրը երկարաձգվի, և մենք պատասխանատվություն ենք զգում թե ապագայում, թե առաջիկա տասնամյակում տարանցման համար»,- նշել է գերմանացի նախարարը:

Շոլցը, միաժամանակ, հստակ չի պատասխանել հարցին՝ պատրաստ են հրաժարվել «Հյուսիսային հոսք 2» գազատարից, որի միջոցով ռուսական գազը պետք է հասնի Գերմանիայի հյուսիս:

«Առկա կարևոր բոլոր հարցերի պատասխանն այն է, որ մենք պատասխանատվություն ենք կրում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման հարցում: Ինչպես հայտնի է՝ Գերմանիան գազ է ներկրում տարբեր շուկաներից, Սկանդինավյան երկրներից, Նիդերլանդներից: Այնպես որ, մենք հույս չենք դնում մատակարարման միայն մեկ աղբյուրի վրա»,- նշել է Գերմանիայի փոխկանցլերը:

 

Գերմանիայի փոխկանցլերը հայտարարել է, որ Բեռլինն աշխատում է առաջիկա տարիներին Ուկրաինայի տարածքով Ռուսաստանից գազի տարանցումը պահպանելու ուղղությամբ