«Դա սեքսիզմ է, ոչ թե հավասարություն». Ուկրաինայում բողոքի ալիք է բարձրացրել զորահանդեսի ժամանակ կանանց՝ բարձրակրունկներ հագնելու առաջարկը
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է կին զինվորականների մասնակցությամբ բարձակրունկներով շքերթ անցկացնելու մտադրության մասին: Ինչպես փոխանցում է BBC News-ը, հաջորդ ամիս կայանալիք արտասովոր շքերթի մասին լուրերը բողոքի ալիք են բարձրացրել երկրով մեկ:
Երկրի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Իրինա Գերաշչենկոն այդ որոշումը որակել է «սեքսիզմ, ոչ հավասարություն»:
Ուկրաինան պատրաստվում է օգոստոսի 24-ին զորահանդես անցկացնել՝ նվիրված անկախության 30-ամյակին: Պաշտպանության նախարարի խոսքով՝ զորահանդեսի ժամանակ կոշիկները համազգեստի մի մասն են կազմում:
Շատերն Ուկրաինայում վրդովմունքով են ընդունել բարձրակրունկներով շքերթի անցկացման միտքը՝ կոչ անելով իրավաբաններին ստիպել նախարար Անդրեյ Տարանին ներողություն խնդրել այդ առաջարկի համար:
Ուկրաինայի զինված ուժերում ներկա պահի 31 000 կին է ծառայում, այդ թվում՝ ավելի քան 4000 սպա:










