Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան մի շարք ընկերությունների դեմ կատարված վերջին կիբերհարձակման հետ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, առնչություն չունի
ԱՄՆ-ը, հիմնվելով նախնական տվյալների վրա, ենթադրում է, որ ռուսական իշխանությունները վիրուսի կիրառմամբ շուրջ 20 ընկերության դեմ իրականացված վերջին կիբերհարձակման հետ առնչություն չունեն, ամերիկյան «Bloomberg» գործակալության փոխանցմամբ՝ Միչիգան այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Մենք վստահ չենք, որ դա ռուսներն են արել: Ինձ տեղեկացրին այդ մասին, երբ ես օդանավում էի: Նախնական կարծիքը հանգում է նրան, որ ռուսական կառավարությունը չի եղել դրա ետևում, բայց մենք առայժմ դրանում վստահ չենք»,- ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը հատուկ ծառայություններին հանձնարարել է պարզել դեպքի հանգամանքները՝ ընդգծելով, որ եթե ի հայտ գան կիբերհարձակմանը Ռուսաստանի առնչության փաստեր, ապա Վաշինգտոնը պատասխան քայլեր կձեռնարկի:










