Աշխարհի ամենահարուստ մարդը հուլիսի 5-ին հեռանում է Amazon-ի գործադիր տնօրենի պաշտոնից

09:57 • 05.07.21

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հուլիսի 5-ին հեռանում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից, հայտնում է korrespondent.net-ը և հավելում, որ իրավասությունները փոխանցվում են Էնդրյու Ջեսսիին՝ Amazon Web Services-ի նախկին ղեկավարին, իսկ Բեզոսը կմնա Amazon-ի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։

Նա բացատրել է, որ մտադիր է ավելի շատ ժամանակ հատկացնել այլ նախագծերի, այդ թվում՝ իր ստեղծած Blue Origin ավիատիեզերական ընկերությանը: Ընկերության մշակած բազմակի օգտագործման New Shepard տիեզերանավը հուլիսի 20-ին կթռչի տիեզերք: Առաջին փորձարարական թռիչքի մասնակիցներից մեկը կլինի Բեզոսը:

Amazon ընկերությունը հիմնադրվել է Սիեթլում, 1994 թվականի հուլիսին՝ որպես գրքերի վաճառքի առցանց հարթակ և վերաճել աշխարհում առցանց առևտրի ամենամեծ հարթակներից մեկի։ Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում Ջեֆ Բեզոսը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, որի համաձայն նրա կարողությունը գնահատվում է 201,8 միլիարդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդը հուլիսի 5-ին հեռանում է Amazon-ի գործադիր տնօրենի պաշտոնից