«Աննպատակահարմար եմ համարում. բացատրեմ` ինչու». Վրաստանի վարչապետը` ԼԳԲՏ համայնքի` այսօր կայանալիք երթի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում «Արժանապատվության երթի» անցկացումն աննպատակահարմար է համարում, գրում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը` հիշեցնելով, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների երթը պետք է կայանա այսօր երեկոյան:
«Ես աննպատակահարմար եմ համարում այսօր հայտարարված երթի անցկացումը: Բացատրեմ` ինչու: Այսօրվա ակցիան քաղաքացիական առճակատման սպառնալիք է պարունակում: Ինչպես գիտեք, բնակչության մեծամասնության համար այս ակցիան անընդունելի է: Ըստ այդմ, ես կարծում եմ, որ այս ակցիան չպետք է տեղի ունենա Ռուսթավելի պողոտայում», - ասել է Ղարիբաշվիլին:
Միաժամանակ, վարչապետը նշել է, որ ՆԳՆ-ն մշտական կապի մեջ է «Արժանապատվության երթի» կազմակերպիչների հետ:
«Նրանց բացատրել են, որ իրենց հայտարարած երթը պարունակում է որոշակի սպառնալիքներ և, համապատասխանաբար, նրանց հնարավորություն է տրվել այլընտրանքային վայրեր ընտրել: Ես ուզում եմ դիմել նրանց և կոչ անել հաշվի առնել ոստիկանության գնահատած ռիսկերը և որպես այլընտրանք ընտրել այլ վայր», - կազմակերպիչներին դիմել է վարչապետը:
Ղարիբաշվիլիի խոսքով, այս տեսակի ակցիաներն ու իրադարձությունները, ընդհակառակը, խթանում են սեռական փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը:
Վարչապետը դիմել է նաև «հակառակ ճամբարին»` ԼԳԲՏ ակցիայի հակառակորդներին և կոչ արել հնարավորինս պահպանել օրենքը և զսպել իրենց: Հայտնի է, որ Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել են Ռուսթավելի կենտրոնական պողոտան, նրանք հակառակ ակցիա են կազմակերպել երկուշաբթի երեկոյան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսված «Արժանապատվության երթի» դեմ: Սկզբում ակցիայի մասնակիցները հավաքվել են պողոտայում գտնվող տաճարի առջև, իսկ հետո տեղափոխվել Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակ և սկսել ապամոնտաժել ավելի վաղ ընդդիմադիրների կողմից այնտեղ տեղադրված վրանները: Նրանք դա բացատրել են նրանով, որ այսօր հենց նրանք պետք է խոսեն խորհրդարանի շենքի դիմաց:
«Ամեն ինչ պետք է տեղի ունենա Սահմանադրության և օրենքի շրջանակներում: Եվ արտահայտման այս ձևը, բողոքի ձևը, պետք է լինի խաղաղ և չպետք է պարունակի բռնության նշաններ: Երկրում պետք է կարգ ու կանոն լինի», - ասել է նա:
Ղարիբաշվիլին հավաստիացրել է, որ ինքը` որպես վարչապետ, թույլ չի տա «որևէ քաոս և քաղաքացիական առճակատում»:
Կառավարության ղեկավարը ցավով նշել է, որ այսօրվա ակցիայի կազմակերպիչներին աջակցում են ռևանշիստական, արմատական ուժերը: Նրանց թվում նա նշել է արմատական ընդդիմությանը, որը գլխավորում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ես կարող եմ լիարժեք պատասխանատվությամբ ասել, որ նրանք ներգրավված են և կազմակերպում են նշված երթն ու գործողությունները: Եվ, իհարկե, նրանց նպատակն է այսօր բերել քաղաքացիական անկարգություններ և քաոս», - ասել է նա:










