Թբիլիսիում չեղարկվել է ԼԳԲՏ համայնքի երթը

16:38 • 05.07.21

Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի երթը, որը նախատեսված էր երկուշաբթի երեկոյան, չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտարարել է միջոցառման կազմակերպիչը` Tbilisi Pride-ը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Tbilisi Pride-ի անունից ուզում ենք հայտարարել, որ այսօր «Հանուն համերաշխության» կարգախոսի ներքո հպարտության երթը չի կայանա: Իշխանությունները ոչ միայն ի վիճակի չեն ապահովել մեր համայնքի և աջակիցների անվտանգությունը, այլ իրենց ակտիվ գործողություններով խանգարել են մեզ օգտագործել հավաքների իրավունքը»,-ասված է հայտարարությունում:

Կազմակերպությունը կարծում է, որ ոստիկանությունը պատշաճ կերպով չի արձագանքում իրավախախտումներին, և ամեն ինչի համար մեղադրում է իշխանություններին, ինչպես նաև Վրաստանի պատրիարքարանին: 

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում «Արժանապատվության երթի» անցկացումն աննպատակահարմար էր համարել:

«Ես աննպատակահարմար եմ համարում այսօր հայտարարված երթի անցկացումը: Բացատրեմ` ինչու: Այսօրվա ակցիան քաղաքացիական առճակատման սպառնալիք է պարունակում: Ինչպես գիտեք, բնակչության մեծամասնության համար այս ակցիան անընդունելի է: Ըստ այդմ, ես կարծում եմ, որ այս ակցիան չպետք է տեղի ունենա Ռուսթավելի պողոտայում», - ասել էր Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլիի խոսքով, այս տեսակի ակցիաներն ու իրադարձությունները, ընդհակառակը, խթանում են սեռական փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը:

Վարչապետը դիմել էր նաև «հակառակ ճամբարին»` ԼԳԲՏ ակցիայի հակառակորդներին և կոչ արել հնարավորինս պահպանել օրենքը և զսպել իրենց: Հայտնի է, որ Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների հակառակորդները փակել էին Ռուսթավելի կենտրոնական պողոտան, նրանք հակառակ ակցիա են կազմակերպել երկուշաբթի երեկոյան ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսված «Արժանապատվության երթի» դեմ:

Ղարիբաշվիլին հավաստիացրել էր, որ ինքը` որպես վարչապետ, թույլ չի տա «որևէ քաոս և քաղաքացիական առճակատում»:

 

Թբիլիսիում չեղարկվել է ԼԳԲՏ համայնքի երթը