Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ցեխային հրաբխի ժայթքման վայրի կադրերը՝ ուղղաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)

11:20 • 05.07.21

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու երեկ երեկոյան Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունի պատճառը:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ծովում նավթի և գազի արդյունահանման օբյեկտներում, արդյունաբերական և տրանսպորտային այլ ենթակառուցվածքներում արտակարգ իրավիճակներ տեղի չեն ունեցել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Այսօր առավոտյան հետախուզական թռիչքներ են սկսվել Կասպից ծովում՝ նախարարության ավիացիոն ջոկատից ուղղաթիռի ներգրավմամբ: Թռիչքի ընթացքում ի հայտ է եկել քարոտ Դաշլը կղզում ցեխային հրաբխի ժայթքման փաստը:

Ներկայում հրաբխի խառնարանում առկա է ոչ մեծ կրակ:

«Հրաբուխը վտանգ չի ներկայացնում ծովային նավթագազային ենթակառուցվածքի և այլ օբյեկտների, ինչպես նաև մարդկանց կյանքի համար», - հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունի պատճառը, ըստ մասնագետների նախնական վարկածի, հրաբխի ժայթքումն է: Այս մասին հայտնել էր Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը:

Ադրբեջանական SOCAR խոշորագույն նավթագազային ընկերությունից հայտնել էին, որ իրենց արտադրական հարթակներում վթարներ չեն եղել, աշխատանաքն ընթանում է բնականոն ռեժիմով:

 

 

 

 

 

 

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ցեխային հրաբխի ժայթքման վայրի կադրերը՝ ուղղաթիռից (լուսանկարներ, տեսանյութ)