Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրանքի բնույթի ցուցմունք առկա չէ․ պաշտպանը՝ Արմեն Չարչյանի գործով վկաների ցուցմունքների մասին

15:29 • 06.07.21

Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրանքի բնույթի ցուցմունք առկա չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով վկաների ցուցմունքների մասին, ասաց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը քննելու։

«Որևէ անձ չկա, որը կարող է ասել, որ պարոն Չարչյանը հարկադրել է նրան մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին, կամ իր խոսքերը ընկալել են որպես հարկադրանք։ Բոլորը նշել են, որ ընկալել են որպես խնդրանք, հորդոր՝ քաղաքացիական պարտքի դրսևորման հարցի տեսանկյունից։ Ավելին, գրեթե բոլորը քննիչին հայտնել են, որ եթե ծանոթ լիներ պարոն Չարչյանին, ապա նույնպես այդ կարծիքին կլիներ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է պարոն Չարչյանի առողջական վիճակին, պաշտպանը նշեց, որ նա  գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ «Երբ նրան տեղափոխում էին, համապատասխան տեղականք, ուղեգիր կար բժշկի կողմից տրված, որ նա ունի համապատասխան բժշկական հսկողության կարիք և այդ բժշկական հսկողությունը այս պահի դրությամբ փաստացի չի տրամադրվում»,- ասաց նա։

Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ մեղադրանքի բնույթի ցուցմունք առկա չէ․ պաշտպանը՝ Արմեն Չարչյանի գործով վկաների ցուցմունքների մասին