Ամերիկացիները լքել են Աֆղանստանի Բագրամ ավիաբազան՝ առանց որևէ մեկին տեղյակ պահելու. Աֆղանստանում նրանց հեռանալու մասին իմացել են 2 ժամ անց միայն

12:59 • 06.07.21

Աֆղանստանի Բագրամ ավիաբազայի նոր հրամանատարը հայտարարել է, որ ամերիկացիները լքել են ավիաբազան՝ առանց իրեն տեղեկացնելու, և այդ մասին իրենք իմացել են միայն 2 ժամ անց, հայտնում է Al Jazeera լրատվականը։

«Մենք լսեցինք նրանց հեռանալու մասին լուրերը, և առավոտյան ժամը 07։00-ին հաստատեցինք այն», - ասել է հրամանատար գեներալ Միր Ասադուլլահ Քոհիսթանին։

Հրամանատարը նշել է, որ ամերիկացիներն առանց դրսում հսկողություն իրականացնող աֆղան զինվորներին տեղյակ պահելու լքել են ավիաբազան մեկ գիշերվա ընթացքում՝ կորցնելով 20 տարիների բարի կամքի դրսևորումը։

Հայտնի է, որ ավիաբազայում արդեն տեղավորվել են աֆղան զինվորները։ Մինչ աֆղանական զորքի ժամանումը, սակայն, մի խումբ ավազակներ կողոպտել են ավիաբազայի գույքի մի մասը։

Ամերիկյան կողմը բողոքներին չի արձագանքել՝ հիշեցնելով, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններ են եղել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի զորքերը լքել են Աֆղանստանի Բագրամ ավիաբազան, որը 20 տարի շարունակ զինյալների դեմ պայքարի կենտրոնն է եղել։ Ավիացիոն բազայից օտարերկրյա զորքերի դուրսբերումը համընկել էր Աֆղանստանի զգալի շրջաններում «Թալիբան» շարժման առաջխաղացման հետ։

Անդրադառնալով Բագրամ ավիաբազայի կարևորությանը՝ BBC լրատվականը նշել էր, որ այն գտնվում է Քաբուլից 40 կմ հյուսիս և կրում է մոտակա գյուղի անունը։ Այն կառուցվել է Մոսկվայի կողմից 1980-ականներին, երբ Խորհրդային Միության զորքերը մտել են Աֆղանստան։ Ամերիկյան զորքն այստեղ է տեղափոխվել 2001 թվականին, և ավիաբազան վերածվել է հսկայական բազայի, որտեղ կարող էր տեղավորվել մինչև 10 000 զինծառայող։ Այստեղ կա 2 թռիչքուղի, որոնցից ամենանորը 3,6 կիլոմետր երկարություն ունի, և այստեղ կարող են վայրէջք կատարել կործանիչներ։

Ավիաբազայի տարածքում կա օդանավերի համար նախատեսված 110 կայանատեղի, որոնք պաշտպանված են պատերով, կարող է գործել նաև 50 մահճակալ տեղավորող հիվանդանոց։ Ավիաբազայի տարածքում գործել է նաև բանտ, որը նախատեսված է եղել ԱՄՆ զորքերի կողմից ձերբակալված մարդկանց համար և հայտնի է դարձել որպես «Աֆղանստանի Գուանտանամո» (ԱՄՆ ռազմական բանտ Կուբայում)։

Ամերիկացիները լքել են Աֆղանստանի Բագրամ ավիաբազան՝ առանց որևէ մեկին տեղյակ պահելու. Աֆղանստանում նրանց հեռանալու մասին իմացել են 2 ժամ անց միայն