Ռուսական ռազմական ուղղաթիռները զորավարժություն են անցկացրել Տաջիկստանում
Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ուղղաթիռներն օդ-մակերևույթ տեսակի հրթիռներ են արձակել երեքշաբթի կայացած զորավարժությունների ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հիշեցնելով, որ ՌԴ իշխանությունների հայտարարմամբ՝ իրենց ուժերն ասիական երկրում կարող են օգնել Աֆղանստանի հետ սահմանի անվտանգությունն ապահովելու հարցում:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը երկուշաբթի հրահանգել է 20 000 մարդուց բաղկացած զորք ուղարկել սահման: Այդ որոշումը կայացվել էր, երբ ավելի քան 1000 աֆղան զինվոր փախել էր սահմանից՝ թալիբների առաջխաղացման ֆոնին:
Տաջիկ և ՌԴ նախագահները նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերի նախկին խորհրդային երկրին Աֆղանստանի հետ սահմանի անվտանգության պաշտպանության հարցում:
ՌԴ ՊՆ-ն ևս հայտնել է, որ ՄԻ-24 երկու ուղղաթիռն ու երկու ռազմափոխադրող ուղղաթիռը մասնակցել են Տաջիկստանում տեղի ունեցած վարժանքներին, որոնց ժամանակ անօրինական զինված խմբավորումների դեմ հարձակման սցենար է մշակվել:










