Իտալիայում մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է 85 մարդ, այդ թվում՝ Ջուզի մականունով մաֆիայի կին պարագլուխը
Իտալիայի տարբեր շրջաններում անցկացված հատուկ գործողությունների ընթացքում իրավապահ մարմինները ձերբակալել են 85 մարդու՝ մաֆիայի հետ կապ ունենալու կասկածանքով, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական ANSA լրատվականին։
Ձերբակալվածները կասկածվում են թմրանյութերի և զենքի վաճառքի, դրամաշորթության և կաշառակերության համար։ Կասկածյալներից 63-ը կալանավորվել են, 18-ը գտնվում են տնային կալանքի տակ, ևս 4 հոգի քաղաքից չբացակայելու թուղթ է ստորագրել։ Ձերբակալվածների թվում է նաև Ջուզեպպա Վիտալեն (Ջուզի), որը եղբայրների՝ Լեոնարդոյի և Վիտոյի ձերբակալումից հետո ղեկավարել է մաֆիայի կառույցը Սիցիլիայի Պարտինիկո քաղաքում։
Գործը հետաքննվում է 2017 թվականի նոյեմբերից, որի ընթացքում պարզվել է, որ Սիցիլիայում գործել է 5 հանցավոր կազմակերպություն, որոնք կապված են թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող մաֆիայի հետ։










