Կամչատկայում 22 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը կապի դուրս չի եկել. փրկարարները պարզել են ինքնաթիռի՝ ծովն ընկնելու վայրը
Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա բնակավայր թռիչք իրականացնող Ան-26 օդանավը նշված ժամին կապի դուրս չի եկել, այս մասին հայտնում է ria.ru-ն՝ ՌԴ ԱԻՆ-ի տարածաշրջանային գլխավոր վարչությանը հղումով:
Նախնական տվյալների համաձայն՝ օդանավում գտնվում է 22 ուղևոր, այդ թվում՝ մեկ երեխա, և 6 հոգանոց անձնակազմը:
Հաղորդվում է, որ փրկարարները պարզել են Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի՝ ծովն ընկնելու վայրը: Այս մասին գործակալությանը հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:
«Ենթադրաբար որոշվել է ինքնաթիռի՝ ծովն ընկնելու վայրը», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ life.ru լրատվականը՝ հղում տալով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հաղորդել էր, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են ինքնաթիռ և Մի-8 ուղղաթիռ՝ երկնքից տարածքն ուսումնասիրելու նպատակով։
Գործի էր դրվել նաև անօդաչու թռչող սարք, որը ոչինչ չէր հայտնաբերել:










