Երևանի փողոցները բարեկարգվում են. այս տարվա աշխատանքների ծավալը շուրջ 550 000 քմ է (տեսանյութ)

17:44 • 06.07.21

2021 թվականի ծրագրով Երևանում կնորոգվի 550.000 քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 12.500 հողային պաստառով ճանապարհ: Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասում աշխատանքներն արդեն ավարտվել են:

Նորագավիթ 1-ին փողոցում կան դպրոցներ, մանկապարտեզ: Երթևեկությունն այս հատվածում միշտ է ծանրաբեռնված, բայց վերջին շրջանում խցանումների պատճառը փոսերը շրջանցելու անհրաժեշտությունն էր: Փողոցի ասֆալտբետոնե ծածկի նորոգումը Երևանի քաղաքապետարանն սկսել էր դեռ նախորդ տարի, իսկ այժմ նորոգվում է դրա մյուս՝ 4 կիլոմետրանոց հատվածը:

«Մենք նախորդ տարի ասֆալտապատեցինք մինչև երկաթուղու ուղեփակոցի հատվածը, այս տարի շարունակում ենք մինչև Սուրբ Գևորգ եկեղեցու տարածք: Այստեղ նաև մոտ 40 դիտահոր է բարձրացվել»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև Շենգավիթի գերեզմաններ տանող ճանապարհը և ոչ միայն: Շինբարեկարգման տարեկան ծրագրում այս տարի ներառվեց կամուրջների վերակառուցումը: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ հնարավոր էր հասնել մետաղական արդեն քայքայված կամրջով:

«Միջոցներ ձեռնարկեցինք, միջնորդեցինք քաղաքապետարանին, որպեսզի բնակիչների համար վտանգավոր այս կամուրջը փոխարինվի ավելի անվտանգ, բետոնե կամրջով: Աշխատանքները մոտավորապես մեկամսյա ժամկետում կատարվեցին, և գերեզմաններ այցելողների համար ստեղծվեցին ավելի անվտանգ պայմաններ»,- նշում է Վահե Խաչատրյանը։

«2021 թվականի ծրագրով հիմքից կառուցվել է երկու կամուրջ: Խարբերդի գերեզմաններ տանող կամուրջը կառուցվել է զրոյից. լայնությունը 6 մ է, երկու մեքենա հանգիստ կարող է երթևեկել»,-ասում է Գրիգոր Հարությունյանը:

Քաղաքապետարանի ու վարչական շրջանների ծրագրով քաղաքի մի շարք հատվածներում նաև բացվել ու բացվում են նոր ճանապարհահատվածներ, որոնք թեթևացնում են երթևեկությունն ու նոր ուղիներ գծում Երևանի քարտեզում:

Մանրամասները՝ տեսանյութում։