Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի երթին դեմ քաղաքացիները հարձակվել են լրագրողների վրա, ծեծել ու հայհոյել նրանց․ նրանց այցելել է նախագահ Զուրաբիշվիլին (տեսանյութ)

10:35 • 06.07.21

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության երթին դեմ արտահայտվողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է ԶԼՄ-ների 53 ներկայացուցիչ, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

ԼԳԲՏ համայնքին դեմ քաղաքացիների հարձակումների ժամանակ վիրավորվել են 16 լրատվամիջոցների աշխատակիցներ՝ լրագրողներ, օպերատորներ և լուսանկարիչներ։

Media Checker.Portal-ը հայտնել է, որ ցուցարարները ծեծել են լրագրողներին, վիրավորել նրանց, շշեր ու քարեր նետել նրանց վրա, ինչպես նաև կոտրել աշխատանքային գործիքները:

Հայտնի է, որ երեկոյան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Թբիլիսիի կլինիկաներից մեկում գտնվող տուժած լրագրողներին և նշել, որ տեղի ունեցածը միանգամայն անընդունելի է։

«Սա այն Վրաստանը չէ, որը ես գիտեմ, սրանք վրացական ավանդույթները, հավատը և այն ապագան չեն, որը մենք ցանկանում ենք այս երկրի համար։ Մենք չհասկացանք, որ առճակատմամբ ոչնչի չենք հասնի», - ասել է Զուրաբիշվիլին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, բողոքի ակցիայի ժամանակ տեղի բնակիչներից մեկը դանակով հարձակվել էր արտասահմանցի մի տղամարդու վրա, որն ականջօղ է կրել։ Վիրավորում ստացած անձը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց: Բացի դրանից՝ հաղորդվել է, որ Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների երթի դեմ հանդես եկող քաղաքացիները հանել են ԵՄ դրոշն ու խորհրդարանի շենքի դիմաց վրացական խաչ տեղադրել: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անընդունելի է որակել Թբիլիսիի իրադարձությունները:

Թբիլիսիում հուլիսի 1-ին մեկնարկել է «Արժանապատվության շաբաթը», որի ընթացքում ԼԳԲՏ ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են իրականացրել: Երեկ նախատեսվում էր նաև «Արժանապատվության երթ» անցկացնել, սակայն այն չեղարկվել է Վրաստանում բարձրացած բողոքի ալիքի պատճառով:


Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի երթին դեմ քաղաքացիները հարձակվել են լրագրողների վրա, ծեծել ու հայհոյել նրանց․ նրանց այցելել է նախագահ Զուրաբիշվիլին (տեսանյութ)