Կառնուտի ջրամբարից սնուցվող գյուղերի ոռոգման խնդիրը կկարգավորվի

19:19 • 07.07.21

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից մշակվում է ծրագիր Կառնուտի ջրամբարից սնուցվող  գյուղերի ոռոգման խնդիրը կարգավորելու նպատակով: Այս մասին հուլիսի 7-ին Շիրակի մարզպետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:

Համայնքի ղեկավարներին հանդիպելուց հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ պատասխանատուն  հերքեց այն պնդումը, թե ջրամբարում ջուր չկա, քանի որ անհրաժեշտ ջրի քանակն ուղղորդվում է ՀԷԿ:

«Բացառված է, որ Կառնուտի ջրամբարին տրվող ջուրը տրվի ՀԷԿ-երին: Ջրալրումն իրականացրել ենք, բայց մեր տված ջուրը, որը պետք է հասցվեր Կառնուտի ջրամբար, չի հասցվել, տվել են ջրօգտագործողներին: Մենք բոլորս ընդունում ենք, որ կա խնդիր, հիմա բոլորս տեղում այդ խնդիրը կկարգավորենք, ջուրը կհասցնենք Կառնուտի ջրամբար»,-ասաց Կարեն  Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ ջուրը Կառնուտի ջրամբար հասցնելու պլան են մշակել, բայց թե ինչ պլան՝ պատասխանատուն չմանրամասնեց:

Անդրադառնալով ՀԷԿ-ին՝ պատասխանատուն նշեց, որ ՀԷԿ-ը ջրի օգտագործման թույլտվություն ունի: «Մենք հնարավորություն չունենք ստիպելու որևէ մեկին, որպեսզի իր աշխատանքը դադարեցնի, ջուրը տեղափոխենք Կառնուտի ջրամբար: Բայց, համատեղ քննարկման արդյունքում կարողացել ենք պայմանավորվածություն ձեռք բերել ՀԷԿ-ի տնօրինության հետ, որպեսզի իրենց մատակարարվող ջուրը դադարեցվի և ուղղվի ջրամբար»,-նշեց Ջրային կոմիտեի նախագահը՝ տեղեկացնելով, որ ՀԷԿ-ին  ջուր տալու  իրավունքը տալիս է Շրջակա միջավայրի նախարարությունը:

«Նախորդ տարի ես նույն հարցը կարգավորել եմ, դադարեցրել ենք ՀԷԿ-ի ջրամատակարարումը, ջուրը տեղափոխել ենք Կառնուտի ջրամբար, բայց ՀԷԿ-ի տնօրինությունը ինձ դատի էր տվել պաշտոնական դիրքի չարաշահման համար և փոխհատուցում էին պահանջում»,-նշեց Կարեն Սարգսյանը:

Անդրադառնալով մեղավորներին՝  Կարեն Սարգսյանը նշեց, որ դեռ դրա մասին բարձրաձայնելը վաղ է. «Դեռ պարզաբանելու տեղ ունենք, քանի որ այն ջրաքանակը, որ տվել ենք, այդքանը չի հասել Կառնուտի ջրամբար: Մեզ հիմա պարզաբանեցին, որ այդ ջրաքանակը, որը տեղ չի հասել, տվել են ջրօգտագործողին, ունեցել են ոռոգման պահանջարկ, դրա համար տվել են, ոչ թե հասցրել են ջրամբար»:

Կարեն Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ Կառնուտի ջրամբարը չունի 19-20 մլն խմ ջուր ծավալով ջուր ամբարելու հնարավորություն չունի: «Ջրամբարն ունի ֆիլտրացիոն հատված, 16 մլն խմ-ից ավել չի ստացվում ամբարել, դրանից ավելի դեպքում ջուրը գնում է»,- ասաց Ջրային կոմիտեի նախագահն ու ջրօգտագործողներին խորհուրդ տվեց հետևել ձեռք բերված պայմանավորվածությանը, չխոչընդոտել ոռոգմանն ու տրվելիք ջուրն օգտագործել այն չափաբաժնով, որքանով կմատակարարվի: Ընդհանուր առմամբ, ըստ պատասխանատուի, այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդեն 50 տոկոսով ավել ջրամատակարարում է իրականացվել: 2020-ի 5.5 մլն խմ ջրի մատակարարման դիմաց այսօրվա դրությամբ Կառնուտի ջրամբարին է մատակարարվել 8.6 մլն խմ ջուր:

 

Կառնուտի ջրամբարից սնուցվող գյուղերի ոռոգման խնդիրը կկարգավորվի