«Պուտին-Փաշինյան հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին». Պեսկով

13:59 • 07.07.21

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, նշել է, որ այն կկայանա օրվա երկրորդ կեսին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Սա առաջին արտասահմանյան այցն է, որը Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում (իր կուսակցության) վստահ և համոզիչ հաղթանակից հետո», - ասել է Պեսկովը:

«Երկկողմ հարաբերությունների ծավալը մեծ է, խոսելու շատ բան կա», - հայտարարել է նա:

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:

Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական ԶԼՄ-ների այն հրապարակումների վրա, որ հանդիպմանը երկու երկրների ղեկավարները իբր կարող են դիտարկել ՀՀ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակներ և ստորագրել համապատասխան փաստաթուղթ:

«Այս հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, կքննարկվեն այնտեղ տեղակայված ռուս զինվորականները և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները: Բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում», - ասել է Պեսկովը` պատասխանելով տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նրանք կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկելու են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր։

«Պուտին-Փաշինյան հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին». Պեսկով