Հույս ունեք՝ համալրումներով կստանանք մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով կհամարվեն արդարության մարմնավորում․ Փաշինյանը՝ դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու մասին
Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը։
Այսպիսով՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թվակազմը կավելացվի 8 դատավորով, մարզերում յուրաքանչյուր դատարանում դատավորների թիվը 1-ական դատավորով կավելանա, Վերաքննիչ քրեական դատարանի թվակազմը կավելանա 3 դատավորով։
«Պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ապահովելով 20 դատավորի հաստիքի ավելացման համար անհրաժեշտ ծախսերը»,- ասաց արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, ասաց․ «Դատավորների թվակազմի ավելացումը մենք պետք է դիտարկենք նաև որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց։ Հույս ունեք, որ այս լրացումներով, համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում։ Սա ամենակարևոր նպատակն է»։










