Տաջիկստանում ապաստանած 2300 աֆղանստանցի զինծառայողները վերադարձվել են երկիր և անցել ծառայության

10:37 • 08.07.21

Աֆղանստանի ազգային անվտանգության խորհուրդը հայտնել է, որ Տաջիկստանում ապաստանած 2300 աֆղանստանցի զինվորները վերադարձվել են երկիր, հայտնում է EurAsia Daily լրատվականը։

Տաջիկստանի իշխանություններն այս տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել, սակայն մեկ օր առաջ լրատվամիջոցները նշել էին, որ մի խումբ զինվորականներ տեղափոխվել են Քուլյաբի օդանավակայան՝ Քաբուլ տեղափոխվելու նպատակով։

Զորքերի վերադարձին անդրադարձել է Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլահ Մուհիբն ու նշել, որ զինվորներն անմիջապես անցել են գործի՝ Բադախշան նահանգի մայրաքաղաք Ֆայզաբադում անվտանգությունն ապահովելու համար։

«2300 զինծառայողներ միացել են Աֆղանստանի անվտանգության և պաշտպանության ուժերին: Նրանց մի մասը, որոնք լքել էին իրենց շրջաններն ու քաղաքները, այժմ նահանգային մայրաքաղաքների պաշտպանության ուժերի մաս են կազմում: Նրանք, ովքեր ապաստան էին գտել Տաջիկստանում, վերադարձվել են շարքեր՝  Ֆայզաբադի բնակչությանը ծառայելու և պաշտպանելու նպատակով», - ասել է Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։

Ավելի վաղ Տաջիկստանը տեղեկացրել էր աֆղանստանցի զինծառայողների՝ սահմանի հատման մասին, ինչը սկսվել էր սահմանային Շերխան Բանդարա անցակետի անկմամբ։ Տաջիկստանը տեղեկացրել էր ավելի քան 1700 աֆղանստանցի զինվորների մասին, սակայն այժմ Աֆղանստանի իշխանությունները խոսում են 2300-ի մասին։ «Թալիբան» շարժումը, իր հերթին, հայտարարել է Աֆղանստանի հյուսիսում գտնվող տասնյակ շրջաններ վերահսկելու մասին, այդ թվում՝ Աֆղանստանի և Տաջիկստանի միջև 1400 կիլոմետր երկարությամբ սահմանի 900 կիլոմետրը։

Տաջիկստանում ապաստանած 2300 աֆղանստանցի զինծառայողները վերադարձվել են երկիր և անցել ծառայության