20-ի փոխարեն 7 ծանրաձող գնելու պատճառն ակնհայտ էր՝ ֆինանսականն էր․ Վահրամ Դումանյան (տեսանյութ)

14:08 • 08.07.21

Գործընթացը լավ ընթացքի մեջ է, և նրանք արդեն շատ մոտ են ՀՀ սահմանին և մոտ 2-3 օր հետո ծանրաձողերը կլինեն մեր մարզիկների մարզադահլիճներում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Ամառային օլիմպիական խաղերին պատրաստվելու համար անհրաժեշտ ծանրաձողերի բացակայությանը:

«20 ծանրաձողեր են առաջարկվող նախագծով, այնպես չէ, որ հենց այդ յոթն էր առաջարկվում, ուղղակի դա փուլային՝ առաջին խմբաքանակի համար էր, հետագայում լրացնելու նպատակով, իսկ 20-ի փոխարեն 7 ծանրաձող գնելու պատճառն ակնհայտ էր՝ ֆինանսականն էր»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ նախագծի նախնական տարբերակում նախատեսված էր ձեռք բերել ծանրաձողերի 7 լրակազմ, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` որոշման նախագծում կատարվել է փոփոխություն, ինչի արդյունքում ծանրամարտով զբաղվող մարզիկները Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան միջազգային չափանիշներին համապատասխանող մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ (10-ական լրակազմ տղամարդկանց և կանանց համար):

Նա նաև նշեց, որ ցանկացած հարց, որ Կառավարության նիստում զեկուցվում է, դա քննարկվում է մեծ շրջանակներում տարբեր պատասխանատուների կողմից: «Նախագիծը ներկայացնում է մեկ անձ, բայց դա անձնական նախաձեռնություն չէ»,- նշեց նա:

Վահրամ Դումանյանը նաև անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որը դիմել է վարչապետի պաշտոնակատարին մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները վերաբացելու համար:

«Դա այն հարցը չէ, որ պետք է այստեղ քննարկենք, քանի որ ցանկացած տարբերակ կարելի է դիտարկել, այդ դեպքում հարց, իսկ ինչո՞ւ միայն մշակույթ, ինչո՞ւ ոչ սպորտը, օրինակ և այլն»,- ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը:

 

20-ի փոխարեն 7 ծանրաձող գնելու պատճառն ակնհայտ էր՝ ֆինանսականն էր․ Վահրամ Դումանյան (տեսանյութ)