Հաիթիի նախագահի սպանությունից հետո ոչնչացվել է 4, ձերբակալվել՝ 2 վարձկան․ Հաիթիի վարչապետի պաշտոնակատարը կոչ է արել հանգստություն պահպանել

10:12 • 08.07.21

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիսի սպանությունից հետո ոչնչացվել է 4, ձերբակալվել՝ 2 վարձկան, որոնք մասնակցություն են ունեցել նախագահի սպանությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ոստիկանապետ Լեոն Շառլին։

«Նրանցից 4-ը սպանվել են, ևս երկուսը գտնվում են մեր հսկողության տակ և հարցաքննվում են», - ասել է ոստիկանապետը։

Մամուլի ասուլիսի ընթացքում Լեոն Շառլը հավելել է, որ պատանդ վերցված 3 ոստիկաններն ազատ են արձակվել։

Իր հերթին, Հաիթիի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը քաղաքացիներին կոչ է արել հանգստություն պահպանել՝ վստահեցնելով, որ իրավիճակը վերահսկելի է:

Այժմ Հաիթիում նախագահի սպանությունից հետո իրավական անիշխանություն է տիրում. Ժոզեֆի թեկնածությունը չէր հաստատվել երկրի խորհրդարանի կողմից, ինչի պատճառով նա հրաժարական էր տվել, սակայն դեռ կատարում է վարչապետի պարտականությունները: Երկու օր առաջ նշանակված կառավարության նոր ղեկավար Արիել Անրին դեռ երդում չի տվել: Գերագույն դատարանի նախագահն էլ նախորդ շաբաթ մահացել է կորոնավիրուսից: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, գնդակահարվել և սպանվել է Հաիթիի նախագահ Ժովենել Մոիսը` իր իսկ նստավայրում։

53-ամյա նախագահը մահացել է հրազենային վնասվածքից: Նշվում է, որ հարձակվողներից ոմանք խոսել են իսպաներեն և անգլերեն: 

 

Հաիթիի նախագահի սպանությունից հետո ոչնչացվել է 4, ձերբակալվել՝ 2 վարձկան․ Հաիթիի վարչապետի պաշտոնակատարը կոչ է արել հանգստություն պահպանել